Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում գիտության ոլորտին սկսեցին ուշադրություն դարձնել 2005-ից, երբ հանրապետությունը գրանցեց տնտեսական որոշակի աճ։ Լրագրողների հետ զրույցում խոսելով վերջին 10 տարիներին Հայաստանի գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքով՝ խորհրդային Հայաստանը միշտ համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածք և գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն, այդ տարիներին գիտության ասպարեզում Հայաստանը Ռուսաստանից և Ուկրաինայից հետո զբաղեցնում էր երրորդ տեղը։
«2005-ին Հայաստանում գիտական ոլորտում անցկացվեցին լուրջ բարեփոխումներ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվեց մի կառույց, որը պետք է պահպաներ Խորհրդային միությունից մնացած ձեռքբերումները և փորձեր գիտության ոլորտում նաև դրսում ունենալ մեր տեղը»,- ասաց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այսօր Հայաստանում կա մոտ 7000 գիտնական, որոնց շրջանում մեծ տոկոս են կազմում երիտասարդները: 7000-ից, ի դեպ, գիտությամբ ակտիվ զբաղվում է 4000-ը: «Ճիշտ է, Հայաստանում շուրջ 3 անգամ ԽՍՀՄ-ից հետո նվազել է գիտնականների թիվը, սակայն իրավիճակը ողբերգական չէ, ավելին` գիտության ոլորտում զարգացման լուրջ միտումներ կան. գիտության ոլորտում Եվրոպայի հետ ասոցացվող պետություն ենք»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից, այլ հարց է, որ գիտության ոլորտի նվաճումները չեն կիրառվում տնտեսության մեջ։ Սրա պատճառն էլ, ըստ Հարությունյանի, այն է, որ մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, սակայն Հայաստանն այս դեպքում կարող է վաճառել իր գիտական արդյունքը։
Խոսելով գիտության ոլորտում միջազգային կապերի մասին՝ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը երբեք նման միջազգային կապեր չի ունեցել, ինչպես հիմա։
Նա կարևորեց այն, որ պաշտպանության ոլորտին սպասարկելու համար լուրջ ծրագրեր են իրականացվում, և այդ ծրագրերի կյանքի կոչման համար 5 ենթահանձնաժողով է գործում, և 2017-ից կստեղծվի հատուկ բյուրո, որը կփորձի կապ հաստատել այլ երկրների պաշտպանության ոլորտի կառույցների հետ։
Ի դեպ, գիտության ոլորտին հատկացված բյուջեն 14,3 մլրդ դրամ է, որը, ըստ Հարությունյանի, քիչ է, սակայն ցանկացած գումար գիտության ոլորտում էլ քիչ է թվում, քանի որ գիտությունն այն ոլորտն է, որտեղ մեծ ներդրումներ են անհրաժեշտ։