կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 14:59
Հասարակություն

Գիտության ոլորտում մասնագետներ չկան. Սիներիկ Հայրապետյան

Գիտության ոլորտում մասնագետներ չկան. Սիներիկ Հայրապետյան

Ի՞նչ գումարներ են ծախսվում Հայաստանում գիտության ոլորտի վրա. հարցի պատասխանն իմանալու համար դոկտոր,պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը բաց նամակ է ուղարկել ՀՀ նախագահին կից ՎԾ պետ Հովհաննես Հովսեփյանին եւ ՀՀ ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանին: Ըստ Հայրապետյանի, եթե նրանք չպատասխանեն իր նամակին, նամակը կուղարկվի նաեւ ՀՀ նախագահին:

 

«Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կրթության եւ գիտության հարցերը թելադրվում են ոչ ազգի սերուցքի կողմից: 25 տարի է, ինչ Հայաստանի գիտության ոլորտում տարվում է նման հետամնաց քաղաքականություն, ինչի պատճառով այսօր օրհասական վիճակում է գիտահամալսարանական մակարդակը: Գիտության ոլորտում չկան մասնագետներ»,- ասաց Հայրապետյանը:

 

Նրա ներկայացրած նամակում ասվում է. «ՀՀ անկախ փորձագիտական մարմնի բացակայության պատճառով, արդեն շուրջ վեց տարի է, ինչ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), պետական բացարձակ անհսկելիության պայմաններում, զբաղված է երկրի գիտության զարգացման համար հատկացված գումարների աննախադեպ խմբակային փոշիացմամբ: Ոչնչացվում են տասնամյակների ընթացքում ստեղծված և միջազգային ճանաչում ստացած գիտական դպրոցները, երկրից համատարած հեռանում են բազմաթիվ կարող գիտնականներ և համարյա կործանման է մատնված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական կադրեր մատակարարող գիտահամալսարանական համակարգը: Ծանոթանալով ԳՊԿ-ի կայքից, պատերազմի իրական վտանգի առաջ կանգնած երկրում ֆինանսավորվող թեմաներին և նրա կողմից հորինված տգետ «փորձագիտական» մեթոդներին կարելի է գիտության նման ավերումը անվանել ուղղակի «պետական խելագարություն»:

 

Ուստի, ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեությունը, որը ստացել է ըստ ինձ, ակնհայտ ազգային դավաճանության բնույթ, դիմում եմ Ձեզ, որպես երկրի բարձրագույն վերահսկողական մարմինների ղեկավարների, խնդրանքով` հարգել բազմաթիվ գիտնականների և մեր կենտրոնի գիտական խորհրդի պահանջը` հետաքննության ենթարկել ԳՊԿ-ի կողմից գոնե վերջերս անցկացված երեք մրցույթների` «Գիտական թեմաների», «Արդյունավետ աշխատող գիտնականների» և «Սարքավորումների բաշխման» գործընթացների օրինականությունները և հատկապես ԳՊԿ-ի փորձագիտական խմբերի ընտրման սկզբունքն ու գիտական վարկանիշները, նրանց կողմից կատարված թեմաների հաշվետվությունները և պարզել այդ փորձագիտական գնահատումների համապատասխանությունը Ձեր իսկ ստուգման արդյունքների հետ:

 

Համոզված, որ նման հետաքննությամբ կպարզվի, որ ԳՊԿ շարունակում է, Ձեր հայտարարություններում նշված նույն կամայական ոճով, իրականացնել գիտության հսկայական չափերի հասնող ֆինանսների փոշիացման գործընթացները: Կխնդրեի, որպես այդ գործընթացի սկիզբ, հետաքննության առարկա դարձնել ԳՊԿ-ի գիտաավերիչ գործելակերպի ինքնաբացահայտման ամենաճչացող օրինակներից երկուսը: Թե ինչպես են նրա «փորձագիտությամբ» մերժվել երկրի համար ռազմավարական նշանակության երկու՝ մաթեմատիկայի և կենսաֆիզիկայի ուղղությունները, այն պարզ պատճառով, որ նրանց ղեկավարները հրապարակային քննադատել են ԳՊԿ-ի նախագահի գիտաավերիչ գործունեությունը»: