կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-24 11:45
Մշակույթ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն` Բեռլինում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն` Բեռլինում

Սեպտեմբերի 22-ին Բեռլինի հայտնի ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը` ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարներ Է. Նալբանդյանի և Ֆ. Վ. Շտայնմայերի բարձր հովանու ներքո: 

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերը: 

Իր խոսքում դեսպանը նշեց, որ աշխարհի լավագույն բեմերը նվաճած հայաստանյան մանկապատանեկան երգչախումբը` «Հայաստանի փոքրիկ երգիչները», լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, լավագույն օրինակն է հայ ժողովրդի ձգտման` խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու:

Գ. Էրլերը, շնորհավորհելով Հայաստանի անկախության տոնի առթիվ, նշեց, որ այս տաղանդաշատ երեխաները Հայաստանի յուրօրինակ մշակութային դեսպաններ են:

Համերգին և նրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին ԳԴՀ կառավարության, Բունդեսթագի անդամներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Երկրամասերի նախարարներ, քաղաքապետեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգացանկը կազմված էր Կոմիտասի, Մաշտոցի շարականներից, հայկական ժողովրդական բանահյուսության գործերից, ինչպես նաև Դեբյուսիի, Ռոջերսի ստեղծագործություններից, որոնց կատարումներն արժանացան գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Համերգային շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները Գերմանիայում հանդես կգան նաև Կարլսռուհե և Հալե քաղաքներում։