Փոխարժեքներ
20 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 426.77 |
RUB | ⚊ | ₽ 4.6962 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Գնացեք ու նորկյանքցուն ասացեք, որ իր հայրենի Նոր կյանք գյուղն ավելի քիչ է կարեւոր, քան Գորիս քաղաքը կամ Մեղրին: Կամ գնացեք Ուջան գյուղում ասացեք, որ հարգելի ուջանցի, ես քեզ, իհարկե, հարգում- սիրում եմ, դու Հայաստանի Հանրապետության կարեւոր քաղաք ես, կարեւոր բնակավայր, բայց եղբայր, Ուջանը հասկացիր, ավելի քիչ կարեւոր է, քան Էջմիածինը: Պատկերացնո՞ւմ եք, մեկն էլ, ասենք, Մոսկվայից գա Երեւան ու ասի, հեյ, երեւանցի, Մոսկվան, գիտես չէ՞, որ ավելի կարեւոր քաղաք է, քան Երեւանը, ու առհասարակ Մոսկվայի մարզն ավելի կարեւոր է, քան ձեր ամբողջ Հայաստանը, էլ չեմ խոսում, թե որքան է Հայաստանից ավելի կարեւոր Ռուսաստանը:
Ծիծաղելի է, չէ՞: Բա եթե ծիծաղելի է, ինչո՞ւ եք պնդում, որ իշխանությունները պարտվել են ոչ կարեւոր համայնքներում ու հաղթել են կարեւոր համայնքերում: Իբր Ուջանը, Նոր կյանքն ավելի կարեւոր չեն, քան Մեղրին, Գորիսը, կամ Ապարանը, գուցե այնքան կարեւոր չեն, որ «ամայի հո՞ղ են», եթե այո, ապա գիտեք, թե մեր երկրում «ամայի հողեր»-ի հետ ինչ են անում, բա ո՞ւմ եք սպասում, արեք… Ուրեմն կարեւոր են, եթե չեք անում. մեր երկրի ամեն մի կտոր հողն էլ կարեւոր է մեզ համար, ինչպես ամերիկացու համար ամերիկյան հողն է կարեւոր, քենիացու համար՝ քենիականը, նորզելանդացու համար՝ նորզելանդականը: Եկեք հանենք այս հոգեբանությունը վերջապես, թե իբր իշխանությունը պարտվում է ընտրություններում, ոչ թե որովհետեւ պարտվում է, այլ քանի որ հաղթանակը տալիս է, իբր ՀՀԿ-ն կարող էր Ուջանում հաղթել, բայց չի հաղթել: Այդպես չէ, այնտեղ, որտեղ ՀՀԿ-ն պարտվել է, պարտվել է, քանի որ իրենից ավելի ուժեղ քաղաքական միավոր է եղել, քաղաքական կամ տեղական նշանակության, ինչը ՏԻՄ ընտրություններում նորմալ է: Ու եթե մենք այսօր ՀՀԿ-ի պարտված տեղերի մասին խոսում ենք` որպես ՀՀԿ-ի ողորմություն, ուրեմն փորձում ենք երկար ժամանակով թաղել ժողովրդի հավատը՝ ընտրությունների նկատմամբ, ինչը, գիտե՞ք, հանցագործություն է՝ պետության եւ նրա քաղաքացու հանդեպ:
Ուրեմն, հարգելի ուջանցիներ, նորկյանքցիներ, գանձաքարցիներ, բերքանուշցիներ, …ձեր կարեւոր, իսկ ձեզ համար՝ ամենակարեւոր համայնքներում հաղթել է ձեր ձայնը: Հայաստանում էլ, հնարավոր է, ընտրություններում հաղթել արդեն հնարավոր է դառնում: Այո, Էջմիածնում հաղթել է իշխանությունը, կոնկրետ պարագայում անգամ` «վլաստը», Գորիսում՝ նույնպես, Մեղրիում՝ եւս, Ապարանում էլ` նույնը, բայց ձեզ համար ամենակարեւորը ձեր համայնքներն են, ու քանի որ այդպես է, ապա իմացեք, հաղթել եք, ավելին, ձեր համայնքներն այնքան կարեւոր են բոլորիս համար, որ բոլորս ենք հաղթել:
Հովիկ Աֆյան