կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-16 16:12
Արցախ

Համայնքի ղեկավարի համար կրթությունը պարտադիր չի լինի

Համայնքի ղեկավարի համար կրթությունը պարտադիր չի լինի

Սեպտեմբերի 18-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին օրենսդրական փոփոխություններ են արվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ ընտրական օրենսգրքում: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հենց դրանք են քննարկվել:

Պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված փոփոխությունների համաձայն՝ ուժը կորցրած կճանաչվեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթները, ըստ որոնց` համայնքի ղեկավարը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ինչպես նաեւ նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Պատգամավոր Վլադիկ Կասյանի հիմնավորմամբ՝ առաջարկվում է օրենքի այդ մասերն ուժը կորցրած ճանաչել՝ հաշվի առնելով, որ ԼՂՀ Սահմանադրությամբ ընտրովի պաշտոնների համար (ԼՂՀ նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր) կրթական ցենզ չի սահմանվում, մինչդեռ գործող օրենքով՝ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պահանջվում է առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ինչը, ըստ նրա, քաղաքացու սահմանադրական իրավունքի սահմանափակում է: