Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Ղարաբաղում կռվելն ամեն տեղ անցնում է, ապա Վիտալի Բալասանյանի ասածն ամեն տեղ անցնում է: Բայց եթե նրա ասածն ամեն տեղ չի անցնում, ուրեմն Պավլիկ Մանուկյանի եւ Արայիկ Խանդոյանի խոսքն էլ ամեն տեղ չպետք է անցի: Չի կարող Պավլիկ Մանուկյանը միշտ ճիշտ ասել, Վիտալի Բալասանյանը՝ միշտ սուտ, կամ` հակառակը, եթե բոլորի համար Ղարաբաղում կռվելը անցագիր է:
Բայց եկեք լուրջ խոսենք: Չի կարող Ղարաբաղում կռված լինելը ամբողջ կյանքում քեզ համար ճանապարհներ բացել, բոլոր քայլերդ իրավացի դարձնել, մի ամբողջ ժողովուրդ քեզ պարտական դարձնել: Ղարաբաղում կռված լինելը իրավունք չէ, պարտականություն է, այն քեզ ոչինչ չի տալիս, այն քեզնից միշտ միայն վերցնում է:
Դու պետք է տաս, դու այդ ճանապարհն ես ընտրել՝ այն օրը, երբ «Մամ ջան, չտխրես, շատ չմտածես» երգելով եղբորդ հետ կռիվ գնացիր: Դա տալու ճանապարհն էր, վերցնելուց, ակնկալելուց հրաժարվելու պահն էր, եւ դա քո ընտրությունն էր:
Պավլիկ Մանուկյանը, Վիտալի Բալասանյանը, Արայիկ Խանդոյանը և էլի շատերը ընտրել են տալու ճանապարհը: Այնպես է ստացվել, որ հետո, օրինակ` Վիտալ Բալասանյանը նաեւ ստացել է, բայց այստեղ մի կարեւոր բան կա, նրան ընտրել է Արցախի ժողովուրդը, որպես Արցախի խորհրդարանի պատգամավոր: Այսինքն նա ոչ մեկից ոչ մի բան չի խնդրել, չի պահանջել, նրան ոչ ոք ոչ մի բան չի բաշխել: Պավլիկ Մանուկյանն ու Արայիկ Խանդոյանը ուզում են, որ իրենց բաշխեն:
Ոչ թե մեկ-երկու պաշտոն, այլ բոլոր պաշտոնները հանձնեն իրենց ու հեռանան, իրենք էլ կորոշեն, թե ով որ պաշտոնին է գնում: Անշուշտ նման բաները միայն ժողովրդի հետ եւ ժողովրդի անունից են պահանջում: Պահանջում են զենքով, բոլորը հասկանում են, որ դա ճիշտ ճանապարհ չէ, բայց բոլորը հասկանում են, որ Պավլիկենք բացառություն են, ու գիտե՞ք ինչու են բացառություն, այո, որովհետեւ Ղարաբաղում են կռվել, հերոս են: Էհ, բա Վիտալի Բալասանյանը որտե՞ղ է կռվել, Աֆղանստանո՞ւմ : Պավլիկենց հետ, նրանց կողքին չի կռվե՞լ, եթե անգամ Պավլիկենք են դա ընդունում, ուրեմն կռվել է:
Իսկ եթե կռվել է, ուրեմն կարող է անել այն ամենը, ինչը անում են Պավլիկենք եւ հակառակը, չի կարող անել այն ամենը, ինչը չեն կարող անել Պավլիկենք: Վերջին բաներն ավելի շատ են եւ ավելի կարեւոր: Ղարաբաղում կռվածն ավելի շատ բաներ չի կարող անել, քան կարող է: Թշնամու վրա զենք բարձրացրածը չի կարող այդ զենքն իր երկրում բարձրացնել եւ դեռ տականք անվանել նրանց, ովքեր կոչ են անում ցած դնել զենքերը:
Տղերք, ձեզ մայրեր են կոչ անում ցած դնել զենքերը, կրկնո՞ւմ եք, թե ինչ եք ասում նրանց:Ոչ ոք պարտավոր չէ ձեր հետեւից գալ, ինչպես որ ոչ մի քաղաքացի պարտավոր չէ հանրապետականանալ: Տղերք, ժողովուրդը ձեզանից ոչ մեկի առջեւ պարտավորություն չունի, չուներ եւ չի ունենալու երբեք: Պարտավորը դուք եք, իրավունքը՝ ժողովրդինը: Դուք եք որոշել՝ կռիվ գնալ, եւ ինքն է որոշելու` գա՞լ ձեր հետեւից, թե՞ ոչ: Կարող է չգալ, իրավունք ունի:
Դուք իրավունք չունեք ժողովրդից բան պահանջելու, քանի որ եթե սա ժողովրդավարական երկիր է, որտեղ ինչպես դուք ես ասում` ձեր հանրահավաքներում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա նա ինքը կորոշի՝ լցնե՞լ Խորենացի փողոցը, թե՞ երեխայի ձեռքը բռնած երեկոյան զովին դուրս գա զբոսնելու եւ, իմիջիայլոց, դրանով իսկ ոչ պակաս կարեւոր գործ անելու, քան անում են Խորենացիում հավաքվածները:
Ղարաբաղում կռված լինելը իրավունք չէ, պաստառ չէ, դեմքի արտահայտություն չէ, դա համաժողովրդական կամքին խոնարհում է, դա այն է, որ եթե ոչ թե Սեֆիլյանը, այլ ժողովուրդը ասի՝ վայր դրեք զենքը, ուրեմն պետք է կատարեք: Պարտավոր եք, այդ ճանապարհն ենք ընտրել:
Իսկ գիտե՞ք ժողովուրդն ինչպես է ասում նման բաները, տվյալ պարագայում՝ Խորենացի չգալով: Դուք իհարկե կասեք, որ այդ փողոցը մարդաշատ է, ես էլ կասեմ, որ այո մարդաշատ է, մի քանի հազար, գուցե տասը հազարն անց մարդ կա երեկոյան ժամերին, միայն` երեկոյան ժամերին:
Հովիկ Աֆյան