կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 13:20
Քաղաքական

Ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել. Արծվիկ Մինասյան

Ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել. Արծվիկ Մինասյան

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Էրեբունիում ստեղծված արտակարգ իրավիճակին:

Արծվիկ Մինասյանի խոսքով` իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի, և զինված հարձակումը կազմակերպած  անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքն ու սահմանադրական նորմը, և հույս ունենանք, որ օր առաջ նրանք կկայացնեն որոշում հանձնվելու մասին, ինչը թույլ կտա հետագա գործընթացները պատշաճ իրականացնել օրենքի և Սահմանադրության շրջանակներում:

Հարցին, թե որքանով էին իրավաչափ ոստիկանության գործողությունները քաղաքացիների նկատմամբ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ բարձր է գնահատում հանդուժողականության այն բարձր մակարդակը, որը ցուցաբերվել է: Իհարկե, նախարարի խոսքով, եղել են առանձին դեպքեր, երբ ոստիկանության կողմից ցուցաբերվել են ոչ իրավաչափ ու ոչ համաչափ գործողություններ:

«Պետք է քարոզել հանդուժողականություն, որովհետև եթե առանձին դրվագներում կան ակնհայտ սադրիչներ, որոնք բախումներ էին հրահրում, ապա նշանակում է, որ բոլորի իրավունքներն են ոտնահարել: Այս պահի դրությամբ ոստիկանությունն ու  ԱԱԾ-ն որպես իրավապահ համակարգի պատասխանատու, իրականացնում են  իրենց սահմանադրական լիազորությունները, այսինքն գործը գտնվում է  իրավապահ մարմինների տիրույթում: Կարծում եմ` ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել, ավելին, այն տղաների մի մասը, որոնց ես ճանաչում եմ և նրանք ներդրել են իրենց  կյանքը Արցախի  ազատագրական պայքարում, հույս ունեմ, կդրսևորեն  ողջախոհություն  և հանդես կգան իրավիճակը լիցքաթափելու կոչերով: Անհանդուժողականությունը, ցավոք, մեր հասարակության մեջ  դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրները կարելի է լուծել այդ ձևերով: Եթե անգամ մտածենք, որ սա քաղաքական  խնդիր է, ապա ակնհայտ է չէ՞,  որ դա ձև չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Վերջում նա հավելեց, որ որոշ շրջանակներից քաղաքական հայտարարություններ են անում, փորձելով զուգորդել այդ դեպքերը օրինակ, 20-րդ դարի առաջին կեսի ազգային ազատագրական գործընթացների հետ, բայց պետք է արձանագրել, որ դրանք ոչ միայն բացարձակ տեղին չեն և խեղաթյուրում են ամեն ինչ, այլ նաև ազգային  արժանապտվությանը  հարված է նման համեմատություններ անցկացնելը: