կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 11:28
Հասարակություն

Չի բացառվում, որ Դավութօղլուն է հորդորում Ալիևին` սահմանին լարվածություն ստեղծել

Չի բացառվում, որ Դավութօղլուն է հորդորում Ալիևին` սահմանին լարվածություն ստեղծել

Վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է. նախորդ շաբաթ ունեցանք մեկ զոհ և մեկ վիրավոր: Երեկ գիշեր էլ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:

Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ադրբեջանական կողմի քայլերի մեջ առողջ տրամաբանություն չկա, հասկանալի չէ` ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում նման քայլերի:

«Ինչո՞ւ է Թուրքիան խփել ռուսական ինքնաթիռը: Որևէ տրամաբանական բացատրություն չկա, չէ՞: Նույնն էլ Ադրբեջանի պարագայում է. ցեղասպան պետություն է, ֆաշիստական, հետևաբար, դիմում է աննորմալ, առողջ տրամաբանության մեջ չտեղավորվող քայլերի»,-ասաց նա:

Բաբայանի կարծիքով`  ադրբեջանական կողմը գուցե փորձում է հասարակության ուշադրությունը շեղել օրերս «Գյունեշլի» ծովային նավթահանքում տեղի ունեցած  հրդեհից, որի հետևանքով տասնյակ ադրբեջանցիներ են զոհվել: «Փորձում են այդ հրդեհից ուշադրությունը շեղել, քանի որ, ըստ ամենայնի, տուժածներն ավելի շատ են, քան ներկայացվում է: Նրանք փորձում են քողարկել իրենց իսկ թերությունները»,- ասաց նա:

Վերջին օրերին սահմանին լարվածությունը, Բաբայանի կարծիքով, նաև Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հետևանք է: «Վերջին խախտումների ժամանակ, երբ մենք անդառնալի կորուստ ունեցանք, այդ ժամանակ Թուրքիայի վարչապետն այնտեղ էր, և չի կարելի բացառել, որ նա էլ եղել է այն մարդկանցից, ով հորդորել է Ալիևին գնալ նման քայլերի: Սա պանթյուրքիզմի գաղափարախոսության արտահայտման միջոցներից մեկն է, որն էլ կործանարար է լինելու հենց Թուրքիայի համար»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: