կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-18 16:25
Հասարակություն

Աշտարակում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Աշտարակում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Աշտարակի համայնքապետարանում տեղի է ունեցել Աշտարակի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի մասնագետ Բելլա Մարգարյանը, Աշտարակի համայնքապետ Արմեն Անտոնյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Գրասենյակը հիմնադրվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող \"Համայնքների զարգացում Հարավային Կովկասում\" ծրագրի շրջանակում` Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: 2015թ-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել է ևս հինգ ՔՍԳ Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում, Արտաշատում և Զառիթափում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Այսուհետ քաղաքացիները կստանան տեղեկատվություն և ծառայությունների մատուցում մեկ վայրում:

ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում:

Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, մասնակցային տեղական ինքնակառավարման ապահովմանը: Համակարգի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն