Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 29-ին Վանաձորում մասնակցել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին, Վաչե Տերտերյանն ասել է, որ քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն վանաձորցիներին մատուցել բարձրորակ ծառայություններ: Մենք շատ ոգևորված ենք հանրապետության խոշոր քաղաքներից մեկում այս գրասենյակի բացմամբ, քանի որ այստեղ հնարավորություն կունենանք դիտարկել դրա աշխատանքը: Այն մեզ համար նաև լավ բազա, հիմք կհանդիսանա պետական մեր աշխատանքերը կազմակերպելու առումով: Այս գրասենյակի բացումով մեր պատկերացումները և սպասումները չեն ավարտվում, այլ հակառակը, մենք մի նոր հարթակ ենք ձևավորում, որը հնարավորություն կտա էլ ավելի հրապարակային դարձնել թե ավագանու նիստերը, թե աշխատակազմի աշխատանքը և թե ապահովել քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացմանը,-ասել է Վաչե Տերտերյանը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկեր պետությունների, ծրագրին աջակցող բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչի արդյունքում Հայաստանի բազմաթիվ համայնքում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ և տեղեկատվական համակարգեր:
Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ` Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։
Վանաձորի համայնքապետարանում և նորաբաց գրասենյակում աշխատանքներն իրականացվելու են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում առցանց դիմել համապատասխան մասնագետներին:
Հիշեցնենք, որ 2015թ-ից սկսած` ծրագրի շրջանակում հիմնվել են տասներեք գրասենյակ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի և Մեղրի համայնքներում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն