կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 14:15
Մշակույթ

Ո՞վ ասաց` ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են. Ժակլին Բիսեթ

Ո՞վ ասաց` ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են. Ժակլին Բիսեթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է համաշխարհային կինոյի աստղ, ֆրանսիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։ Այսօր Բիսեթը հանդիպեց լրագրողների հետ: Ներկայացնում ենք լրագրողների հետ նրա զրույցն` ամփոփ:

 

Մարմնի լեզուն ավելի կարևոր է. խոշոր պլանը միշտ չէ, որ պատճառաբանված է

Լավ կինո նկարահանելու համար առաջին հերթին լավ սցենար է պետք` առանց դրա բան դուրս չի գա: Առաջնայինը սցենարն է` ռեժիսորն առանց սցենարի ի՞նչ է անելու. մի լավ խոսք կա` եթե թղթի վրա չկա, էկրանի վրա էլ չկա: Ճիշտ է, կան մարդիկ, որ քիչ խոսքերով, բայց շատ հարուստ տեսաշարով ֆիլմեր են նկարում և դա հաջողվում է նրանց: Կարծում եմ` կարևորն այն է, որ պատմությունն առաջ մղես: Գիտեք` երբ նոր էի սկսել իմ կարիերան, մտածում էի, որ խոշոր պլանը շատ կարևոր բան է, քանի որ մարդկանց աչքերը պետք է նկարել, որ հույզերը փոխանցվեն, բայց տարիներ անց միայն հասկացա, որ միշտ չէ, որ խոշոր պլանը պատճառաբանված է: Հետո հասկացա նաև, որ մարմնի լեզուն ավելի կարևոր է:

Միակ աղջիկն էի մեր դասարանում, որ դասական երաժշտություն էր սիրում

Դերասանի մասնագիտությունը շատ բազմակողմանի երևույթ է: Երբ դպրոցը նոր էի ավարտել, չգիտեի` ինչ անել: Այդ ժամանակ միայն գիտեի, որ ինձ մարդիկ են հետաքրքրում, և, դրան զուգահեռ, փորձում էի ամաչկոտությունս հաղթահարել, որն ինձ շատ էր կաշկանդում: Բացի այդ, սիրում էի անգլերենն ու գրականությունը, միակ աղջիկն էի մեր դասարանում, որ դասական երաժշտություն էր սիրում: Արվեստի համար խելքս գնում էր, ուզում էի նաև աշխարհը տեսնել և մտածում էի, թե որ աշխատանքն է համապատասխանում իմ բոլոր ցանկություններին: Բայց այդ ժամանակ ինքնավստահությունս ինձ չէր ներում, որ ինձ դերասանուհու դերում պատկերացնեմ: Մի օր լատիներենի ուսուցչուհիս ասաց.«Դու շատ շատախոս և զավզակ աղջիկ ես, կարող ես դերասանուհի դառնալ»: Դրանից 3 տարի անց ես մի խնջույքի էի մասնակցում, որտեղ էր նաև Ռոման Պոլանսկին. ես առանձնապես ոչինչ չէի անում` խելոք նստած էի, և նա ինձ ասաց.«Դու շատ ներհայեցողական բնույթի մարդ ես թվում, և կարող ես դերասանուհի դառնալ»: Նա ասաց ճիշտ հակառակը, ինչ` իմ լատինեների ուսուցիչը, և այդ սերմը հիմք հանդիսացավ, որ ես ինձ թույլ տամ մտածել` ճիշտ է, ես ոչինչ չեմ հասկանում կինոյից, բայց միգուցե սկսեմ դասերի գնալ: Ինձ ասում էին, որ ես կարող էի լավ հոգեբան կամ լրագրող դառնալ` հիմա էլ ուշ չէ:

Կանայք ամբողջ կյանքում դիմանալով են զբաղված

Ինձ հաճախ են հարցնում, թե ովքե՞ր են մեր ժամանակների մեծ դերասանները, և ես միշտ պատասխանում եմ, որ շատ են, շատ-շատ: Կարծում եմ` կարևորն ընտրությունն է` ով ինչ խաղա, կարևորը` դերասանն իր տեղում, դերում լինի և նա կարող է մեծ դերասան դառնալ: Ինձ հաճելի է աշխատել «շռայլ հոգով» մարդկանց հետ, քանի որ նրանք միայն իրենց մասին, իրենց էգոյի մասին չեն մտածում: Նկարահանման հրապարակում ես չեմ ձգտում առաջին պլանում լինել` ես առաջին պլանում լինելու խնդիր երբեք չեմ դրել իմ առջև: Կարծում եմ` դա գալիս է նաև մեր` կանանց բնույթից` կանայք ամբողջ կյանքում դիմանալով են զբաղված:

Երջանիկ և սիրված լինելու համար պաշտոնական գրագրությունը, ամուսնության վկայականները պարտադիր չեն

Ինձ նաև հարցնում են, թե հնարավո՞ր է` երջանիկ լինել` չունենալով ընտանիք և երեխաներ: Ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են: Կարծում եմ` ավելի կարևորն  այն է, որ գտնես այն հարաբերությունները, որը թե՛ քեզ, թե՛ դիմացինին կհարստացնի: Կարծում եմ` երջանիկ և սիրված լինելու համար պաշտոնական գրագրությունը, ամուսնության վկայականները պարտադիր չեն: Այնպես չէ, որ ես դեմ եմ ամուսնությանը, բայց, օրինակ, մորս դեպքում ոչ մի առավելություն չեմ տեսնում նրա` ամուսնացած լինելու փաստի մեջ, բացի այն հանգամանքից, որ նա ունի մեզ:

Անջելինա Ջոլիի կնքամայրն եմ, բայց չեմ կարծում` նա հիմա իմ կարիքն ունի

Ես Անջելինա Ջոլիի կնքամայրն եմ, բայց, անկեղծ ասած, այնքան էլ մտերիմ չեմ նրա հետ և ավելի շատ` մոր հետ էի մտերիմ: Ջոլիին լավ չեմ ճանաչում, քանի որ շատ ժամանակ չի լինում նրա հետ շփվելու համար` նա միշտ զբաղված է: Այսպես ասած` ես դեմ չէի մտարմանալ նրա հետ, բայց նա դրա ժամանակը չուներ: Չեմ կարծում` նա իմ կարիքն ունի, բայց պետք է ասեմ նաև, որ նա արտասովոր իմաստուն կին է, ես հպարտանում եմ իրենով: Հույս ունեմ` մինչև կլքեմ այս աշխարհը, կկարողանամ նրան լավ ճանաչել:

Եթե իրականում մարդկանցով հետաքրքրվում ես, երբեք մենակ չես մնա

Ինձ ասում են, որ ես ամենագեղեցիկ կին դերասանուհին եմ: Կարծում եմ` նման բան ասելն ուղղակի վիրավորական է, առհասարակ, մյուս բոլոր կանանց համար: Ճաշակին ընկեր չկա` ես երբեք համոզված չեմ եղել, որ գեղեցիկ եմ: Հարցի հետ կապված` ներսումս միշտ երկփեղկվածություն է առաջացել` ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ինձ շատ գեղեցիկ են համարում, բայց կյանքը դրանով չի լցվում: Կարևորն այն է, որ դու աշխույժ, ակտիվ մարդ լինես և բաց` մյուսների համար: Կարևորը գրավիչ լինելն է, ոչ թե` գեղեցիկ: Կար մի տարիք, երբ հայելու մեջ հաճախ էի նայում. մի օր հայրս ինձ ասաց, թե բավական է հայելու մեջ նայեմ` ես պետք է մարդկանց նայեմ, քանի որ մարդկանց միշտ հետաքրքրում է, թե ինչ ես մտածում իրենց մասին, ոչ թե` ինքդ քո: Եթե իրականում մարդկանցով հետաքրքրվում ես, երբեք մենակ չես մնա:

Եթե շատ շքեղ զգեստ հագնես, կասեն, որ լավ դերասան չես` ուշք ու միտքդ հագուստն է, իսկ եթե շատ հասարակ հագնվես, կչարախոսեն, թե` սա ո՞վ էր

Հայտնի լինելն իր դժվարություններն ունի, որոնք միգուցե մանր-մունր բաներ են իրենցից ենթադրում, բայց նյարդայինացնում են քեզ: Օրինակ, երբ ինչ-որ տեղ էի գնացել, բլուզս ճամպրուկի մեջ շատ էր ճմրթվել, և այն արդուկելու կարիք կար: Հյուրանոցի աշխատակիցներից արդուկ էի ուզում, բայց նրանց արդուկը գոլորշիով չէր և դա կեսգիշերին` 2:30-ին: Միայն երեք ժամ հետո նրանք կարողացան ինձ արդուկ տալ, որը, պարզվեց, գնել էին: Ուզում եմ ասել` քչերն են պատկերացնում` ինչեր պետք է անես, որ նոր միայն հասարակության առջև դուրս գաս, և այդ ամենը լարվածություն է ստեղծում: Բայց դու չես էլ կարող ասել` դե, լավ, ոչինչ, քանի որ մարդիկ քեզնից ակնկալիքներ ունեն: Մյուս կողմից, եթե շատ շքեղ զգեստ հագնվես, կասեն, որ լավ դերասան չես` ուշք ու միտքդ հագուստն է, իսկ եթե շատ հասարակ հագնես, կչարախոսեն, թե` սա ո՞վ էր:

Երբ Golden Globe-ի արժանացա, այնքան հուզված էր, որ վատագույնս ելույթ ունեցա

Երբ Golden Globe-ի արժանացա, այո, հաճելի էր մրցանակ ստանալը, բայց ես այդ մասին կարողացա խոսել միայն 2,5 տարի հետո: Երբ հայտարարեցին, որ ես եմ մրցանակին արժանացել, ինձ համար շատ անսպասելի էր և ես շատ հուզված էի: Եվ երբ բարձրացա բեմ և սկսեցի ելույթ ունենալ… գրողը տանի, դա իմ վատագույն ելույթն էր: Ես անգամ մոռացա շնորհակալություն հայտնեց ռեժիսորին: Ճիշտ է, իմ ճառը որոշակի իմաստ ուներ, բայց, միևնույն է, այն շատ վատն էր և բավական երկար ժամանակ ինձ ծաղրում էին դրա համար: Ինչևէ…