կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-01 14:19
Հասարակություն

Հեղեղին նպաստել են նաև ապօրինի կառուցապատման աշխատանքները. Արթիկի քաղաքապետ

Հեղեղին նպաստել են նաև ապօրինի կառուցապատման աշխատանքները. Արթիկի քաղաքապետ

Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն այսօր, լրագրողների հետ խոսելով Արթիկում տեղի ունեցած հեղեղումների մասին, հայտնեց, որ իրենց քաղաքում տեղի ունեցած աղետի գլխավոր պատճառն առատ տեղումներն են: «Աղետի ամենագլխավոր պատճառը առատ տեղումներն են, ժամուկես ինտենսիվ կարկուտ է տեղացել, այդ ամենը խառնվել է դեռևս չհալված ձյանը, և աննախադեպ քանակի ջուրը հասել է քաղաք»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ նախապես պատկերացում եղել է, որ կարող են հեղեղումներ լինել, բայց այդ ծավալների մասին` ոչ:

«Այս քանակի մասին չէր կարելի պատկերացնել անգամ ամենավատ երազում: Ժայռակտորներ էին խուժել քաղաք: Հստակ երևում է, որ հեղեղատարները բաց են եղել: Խնդիրն այն է, որ Արթիկի տուֆի հայտնագործումից ու շահագործումից ի վեր այդ թափոնները լցվել են ջրերի մեջ, և ջրի` այս աննախադեպ քանակը լվացել է նաև այդ լանջերին կուտակված տուֆի թափոնները: Մենք տեղյակ էինք հեղեղի մասին մինչև քաղաք հասնելը, հունը փոխելու հնարավորություն չկար: Սելավատարները հաշվարկված էին որոշակի ծավալի ջրի համար և չէին կարող դիմակայել այդ ծավալին: Հեղեղին նպաստել են նաև ապօրինի կառուցապատման աշխատանքները: Կառուցապատման աշխատանքներն անընդհատ են եղել, և դա էլ իր հերթին նպաստել է հեղեղումներին»,- ասաց Աբրահամյանը:

Քաղաքապետի խոսքով՝ ինքն անմիջապես տեղեկացրել է մարզպետարանին, 20:00-ին արդեն Արթիկում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարը: «Ջուրը ողողում էր դպրոցն ու մանկապարտեզը, և մինչև վաղ առավոտ կարողացանք եղած տեխնիկայով փրկել դպրոցն ու մանկապարտեզը: Եղած ռեսուրսներով ենք այդ ամենն արել, իսկ հաջորդ օրվանից ռեսուրսներն ավելացել են»,- ասաց նա:

Աբրահամյանը նշեց նաև, որ Արթիկում հիմնովին փլուզված տներ չկան, էական վնաս է կրել տասներկու տուն, մասնակի փլուզումներ կան, կա ողողում, վնասվել են մեծ տնամերձեր, հողամասեր, որոշ դեպքերում նաև ընտանի կենդանիներ են խեղդվել: