|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին` ներկայացնել Վերին Լարսում առաջացած ճգնաժամային վիճակը: Վարչապետը նաև նշեց, որ տրանսպորտի և կապի, ինչպես նաև արտաքին իրավիճակների նախարարությունները ներկայումս շատ ինտենսիվ աշխատում են և ամենօրյա շփումների մեջ են իրենց վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսում առաջացած խնդիրները լուծելու նպատակով:
Փոխնախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցեց իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ Մծխեթա-Ստեփանծմինդա ճանապարհի որոշ հատվածներում հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս է եկել Թերեք գետը` հուլիսի 23-ից սկսած՝ հեղեղելով այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումները դարձել է անհնարին: Խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, համապատասխան նախարարությունները օպերատիվ կերպով աշխատում են:
Կառավարության խնդրանքով ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու համար, արդեն իսկ իրականացվել է 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր կփոխադրվի այսօր: Լաստանավի միջոցով 72 բեռնատար մեքենաներ հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են, որոշ բեռնատար մեքենաներ կհասնեն Բաթում:
«Սպայկա» ընկերության կողմից վարձակալվել է երկրորդ լաստանավը, և ևս 50 բեռնատար կհասնի Փոթի: Դեռևս կան բեռնատար մեքենաների կուտակումներ Հայաստանի սահմանին ու Ռուսաստանի սահմանին: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` շուրջ 10 հազար տոննա ծիրան արտահանվել է, ևս 5 հազար տոննա կարտահանվի:
«Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք խնդիրներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավում տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն: Դեռևս պարզ չէ` ճանապարհի վերականգնման աշխատանքները երբ կավարտվեն, նախնական գնահատականներով` աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ: Այդ ընթացքում հորդորում ենք քաղաքացիներին` իրենց գործողությունները պլանավորելիս հետևել դեպքերի զարգացման ընթացքին»,- ասաց Գաբրիելյանը: