Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի հայ համայնքի` տարբեր խավերից բաղկացած մի խումբ բողոքի ցույց է արել Պոլսո հայոց պատրիարքարանի առջև՝ պահանջելով պատրիարքի նոր ընտրություն: Ի նշան բողոքի՝ նրանք նաև սև պսակ են տեղադրել պատրիարքարանի մոտ` «Ուզում ենք ընտրել մեր պատրիարքին» գրությամբ:
Ըստ «Ակօս»-ի՝ պատրիարքարանի մոտ հավաքված մոտ 30 մարդկանց թվում եղել են Օրթաքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի տնօրեն Իսքենդեր Շահինգյոզը, «Քալֆայան» որբանոցի հիմանդրամի տնօրեն Դիանա Քամփարոսյանը, որբանոցի խորհրդի անդամ Դանիել Անթիքաջըօղլուն, գրող Ժակլին Չելիքն ու ատամնաբույժ Թաթիոս Բեբեքը:
Ժակլին Չելիքն ասել է. «Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը 550 տարվա ավանդույթներ ունի և այս հողերում շուրջ 3000 տարուց ի վեր իր պատմությունը կերտած հնագույն ժողովրդի պատվի գրավականն է: Նախադեպը չունեցող, հնարված մի «փոխանորդի» պաշտոնով, որի մասին հայտնի չէ, թե ինչին է ծառայում և ում է պատասխանատու, վատնում են մեր ժամանակը: Չնայած բոլոր ջանքերին՝ մենք տարիներ շարունակ չենք կարողանում վերադարձնել մեր պատրիարքության իրավաբանական կարգավիճակը: Պատրիարքությունը պետք է օրինական կարգավիճակ, կայուն իրավական հիմքեր ունենա: Մենք պատրիարքի «ազնիվ» փոխանորդ ենք ուզում և նրան մենք ենք ընտրելու, այնպես, ինչպես 555 տարի է…»:
Հայտարարության մեջ հիշատակվել է նաև Մեսրոպ Մութաֆյանը:
«Ցավոք, այս աթոռը հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դժբախտ հիվանդության պատճառով 8 տարի է՝ դատարկ է: Արդեն ամբողջ 8 տարի է՝ տարբեր պատրվակներով մենք չենք կարողանում ընտրել մեր պատրիարքին: Նրա հիվանդությունից հետո մոտ երկու տարի քննարկվում էր՝ ընտրություն անե՞լ, թե՞ ոչ: 2010 թվականին, նահանգապետարանից եկած հրահանգով, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը 48 ժամվա ընթացքում դարձավ «պատրիարքի փոխանորդ», ինչը, 555 տարվա պատրիարքարանի ավանդույթին չհամապատասխանելով, մեծ դժգոհություն առաջացրեց: Սակայն վերջին կաթիլը եղավ Գերմանիայի խորհրդարանում Ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ` Աթեշյանի հրապարակած նամակը»,- գրում է «Ակօս»-ը:
Թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի կողմից պատրիարքարանի դեմ ուղղված նման աննախադեպ բողոք չի եղել ավելի քան 50 տարի:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է: