կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 17:55
Քաղաքական

Ռուսաստանը ցանկանում է ԼՂ կարգավորման առաջատարի դիրքը գրավել. Շավարշ Քոչարյան

Ռուսաստանը ցանկանում է ԼՂ կարգավորման առաջատարի դիրքը գրավել. Շավարշ Քոչարյան

Այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով առաջիկայում նախատեսված Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ-ի մասնակցությունը պասիվ այդ հանդիպմանը, ասաց, որ բազմաթիվ են եղել հանդիպումներ, որոնցում ԵԱՀԿ-ն չի ներգրավվել, թեև որոշակի տրամաբանություն կա, որ պետք է ներկայացուցիչը լինի՝ կապված այն հանգամանքի հետ, որ ԵԱՀԿ գործող նախագահը Գերմանիան է, և նրա ակտիվ ջանքերով ԵԱՀԿ-ն ներկայացրել է կոնկրետ փաստաթղթեր` քննարկման համար: Ըստ փոխնախարարի` երևի թե փաստաթղթերի քննարկումն այն փուլում չէ, որ ԵԱՀԿ-ն ներգրավվի պրոցեսում:

«Այս պահին ունենք ինֆորմացիա, որ այդ հանդիպմանը մասնակցելու է Ուորլիքը, իսկ Ֆրանսիայի համանախագահի մասնակցության առումով ինֆորմացիա չունենք»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը ԼՂ կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափերով հանդիպումների կազմակերպմանը, հատկապես` ապրիլյան ռազմական բախումներից հետո, նա նշեց. «Դժվար է ասել, ամբողջ այս գործընթացում պարբերաբար համանախագահներից որևէ մեկը ձեր ասած առաջատար դիրքն է գրավել, այսինքն` ավելի նախաձեռնող է եղել: Ժամանակին դա եղել է Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը՝ Մեդվեդևի նախագահության օրոք: Ներկայումս պատահական չէ այդ տպավորությունը, որ Ռուսաստանը ցանկանում է այդ առաջատարի դիրքը գրավել, սակայն, համենայն դեպս մինչ այսօր այդպիսի քայլերը եղել են համաձայնեցված բոլոր երեքի միջև, և եթե այդպիսի իրավիճակը չլինի լիարժեք համաձայնեցված, ապա դա որևէ ձևով չի նպաստի բուն բանակցային գործընթացի առաջընթացին»:

Պատասխանելով հարցին, թե օրեր առաջ Պոպովը չէր բացառել իրավական պարտադիր փաստաթղթի շրջանառության հնսարավորությունը, Շավարշ Քոչարյանն ասաց .«Այս պարագայում կա մի փաստաթուղթ, որը դրված է, որպես հիմք, բանակցությունների համար, այն երեք կողմերից միայն երկուսն են ընդունել, դա մադրիդյան փաստաթուղթն է: Որևէ այլ փաստաթուղթ, որին կողմերը տվել են համաձանություն, գոյություն չունի: Վերջին փաստաթուղթը, որը լուրջ քննարկվել է, և որը Ադրբեջանը տապալեց՝ բազմաթիվ առաջարկություներ անելով, դա Կազանն է, ու վերջ»:

Նա նշեց, որ ընթացքում ցանկացած կողմը կարող է ցանկացած առաջարկություն անել, միջնորդները կարող են ցանկացած առաջարկություն անել, բայց այդ բոլորը չի նշանակում, որ եթե որևէ մեկը մի բան է առաջարկում, դրանով հարցը լուծվեց: Ըստ Քոչարյանի` պետք է հաշվի առնել, որ գործ ունես մի սուբյեկտի հետ, որն իր իսկ ստորագրած փաստաթուղթը կարող է մերժել, հակառակ դրա գործել, նույնիսկ հետո փորձել քայլեր կատարել այդ փաստաթուղթը չեղարկելու համար:

«Այս ամբողջ ժամանակահատվածում բանակցային գործընթացի անարդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն օգտագործում է բանակցային գոծընթացը՝ որպես քող՝ ընդամենը իր զինված ուժերը զինտեխնիկայով համալրելու, ուժային քաղաքականությունը շարունակելու համար: Այդ բոլորը շատ հստակ է, այն ինչ-որ հստակ է երկու հայկական կողմերի համար, կարծում եմ, որ հստակ է նաև միջազգային հանրության համար»,- ասաց փոխարտգործնախարարը: