Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սովետական Հայաստանի դպրոցական՝ երրորդ դասարանի «Մայրենի լեզու» դեղին դասագրքում մի պատմություն կար հայ կոմունիստ, հեղափոխական Կամոյի մասին: Կամոյին բանտ են նետում, որտեղ նա իր խցի պատին գրում է Լենինի անունը: Բանտապահները տեսնում են, պատվիրում են մաքրել, Կամոն չի մաքրում, բանտապահներն են փորձում, եւ չի ստացվում… Պատմության հեղինակն էլ եզրակացնում է, որ Լենինի անունը ջնջել չի լինի: Նա, իհարկե, ոչինչ չի ասում այն մասին, որ այդ պատին գրված ոչինչ ջնջել չէր լինի, եթե այն գրված լիներ հենց նրանով, ինչով գրել է Կամոն, այսինքն` կապ չունի Կամոն «Լենին» էր գրելու, թե, օրինակ, «Նժդեհ», կապ չունի անգամ Կամոն էր գրել, թե, օրինակ, Նժդեհը: Կապ ունի այն, թե ինչով էր գրված այդ բառը:
Բայց, այդուհանդերձ, կան անուններ, որոնք ջնջել չի լինի: Մանավանդ, որ մարդկանցից ոչ ոք Աստված չէ, որ ամեն ինչ մոռանա եւ ների: Օրինակ` ՕԵԿ անունը ջնջել չի լինի: Այսինքն` ինչ էլ իրենց խմբակը կոչեն Արթուր Բաղդասարյանենք, միեւնույն է, մենք նրանց ճանաչում ենք ՕԵԿ անունով: Չէ, եթե տարիներ անցնեն, ու այս մարդիկ այլևս ՕԵԿ չանվանվեն, որը ժամանակին ապացուցել էր, որ քաղաքականությունը բարոյական է` ի դեպ, արդեն հաջորդ սերունդները Արթուր Բաղդասարյանին եւ նրա քաղցրասեր շրջապատին կճանաչեն այլ անունով, բայց խնդիրն այն է, որ այս կոլեկտիվը տարիներ անց հաջորդ սերունդների համար չի լինելու, ոչ ոք չի լինելու, ուրիշներն են լինելու: Այսինքն` խնդիրը այսօրն է, երբ ՕԵԿ-ը, հավանաբար հասկանալով, որ ՕԵԿ անունով հեռու չես գնա, որոշել է անվանափոխվել:
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է որոշում՝ հավանություն տալ ԱԺ-ի կանոնակարգ-օրենքում լրացում կատարելուն: Լրացումն այն մասին է, որ այսուհետ ԱԺ-ի խմբակցությունները հնարավորություն կունենան ոչ միայն իրենց խմբակցությունների կազմում փոփոխություններ կատարել, այլեւ անունը փոխել: Այսինքն` եթե խորհրդարանական ընտրություններում հաղթում է, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ ԱԺ-ում ձեւավորում է ԲՀԿ խմբակցություն, մեկ տարի, երկու տարի, երեք կամ չորս տարի անց այս խմբակցությունը կարող է անվանափոխվել, օրինակ` դառնալ «Ոչ շատ բարգավաճ Հայաստան», մանավանդ, որ կուսակցությունն էլ, խմբակցությունն էլ մի քիչ չափազանցված են այսօր կոչվում «Բարգավաճ Հայաստան»: Բայց սա դեռ հեչ:
Եթե օրենքի լրացումն ընդունվի խորհրդարանում, ապա խմբակցությունները կարող են փոփոխել իրենց կազմը: Սրանից, կարծում եմ, ամենաշատը «Ժառանգություն»-ը գոհ կլինի, քանի որ այդ խմբակցությունն այսօր, ըստ էության, մեկ հոգանոց է: Բայց մյուս կողմից` եթե Ալիկ Արզումանյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Ռուբեն Հակոբյանին եւ Թեւան Պողոսյանին ժողովուրդը ընտրել է, որովհետեւ նրանք եղել են «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, ապա ազնիվ չէ այդ ցուցակը փոփոխելը, ազնիվ չէ, քանի որ մեծ հարց է, թե վերջիններիս արդյոք կընտրե՞ր ժողովուրդը, եթե նրանք չլինեին «Ժառանգության» համամասնական ցուցակում: Կամ` ի՞նչ է նշանակում՝ փոփոխել խմբակցության կազմը: Ենթադրենք` նույն «Ժառանգություն»-ը կարո՞ղ է խմբակցության կազմից հանել վերոհիշյալ հարգարժան պարոններին եւ փոխարենը բերել այլ կուսակցականների, արդեն` մաքուր «ժառանգական»: Եթե` ոչ, ապա ի՞նչ է նշանակում փոփոխել խմբակցության կազմը: Իսկ եթե` այո, ապա մի՞թե այդ նորերին ժողովուրդն ընտրել է ԱԺ պատգամավոր:
Բայց, մյուս կողմից, մարդիկ հո պարտավոր չեն հավերժ մնալ նույնը: Մեր օրերորւմ անգամ սեռն են փոխում, հիմա ի՞նչ խնդիր` խմբակցության կազմի եւ անվան փոփոխության մեջ: Ըստ էության` ոչ մի, ուզում են իրենց որպես «Հայկական վերածնունդ» ճանաչենք: «Հայկակակն վերածնունդ» կճանաչենք, բայց, եղբա'յր, անվանափոխությամբ դեմքերը չեն փոխվում: Անգամ պլաստիկ վիրաբուժությամբ չեն փոխվում. Դեմքը բնավորություն է, տեսակ է: Այսինքն` եթե դուք պարբերաբար խաբում եք շրջապատին եւ սեւուկ եք, սեւ աչքերով, գանգուր մազերով, դուք շարունակելու եք խաբել շրջապատին, երբ դառնաք սպիտակ, շեկ մազերով, կապույտ լինզաներով եւ ուղիղ մազերով, մի քիչ էլ՝ մորուքով. հա'մ մոդային տուրք տալու համար, հա'մ էլ՝ այդպես ավելի ինտելեկտուալ տեսք կունենաք:
Այնպես որ` հանգիստ փոխեք ձեր անունները, միեւնույն է, մենք ձեզ ճանաչում ենք:
Հովիկ Աֆյան