Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով հերթական քառօրյայի աշխատանքին, կատակեց` ասելով, որ լրագրողները ևս մեկ ծանր փորձություն ավարտեցին՝ հերթական քառօրյան, և հուսով է, որ վնասվածք ստացած լրագրողներ չեն եղել:
«Ավելի հանգիստ նստաշրջան էր, իսկ աշնանից կսկսվի բուռն, լարված, նախընտրական շրջան»,- ասաց նա:
Հարցին` իսկ այս քառօրյայի ընթացքում եղա՞ն քաղաքական գործիչներ, որոնք վնասվածք ստացան, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ քաղաքական գործիչները վնասվածքներ են ստանում ամեն օր` իրենց ամենօրյա գործունեության ընթացքում, իրենց հայտարարություների, վարվելակերպի, հայտարարությունների առումով:
«Վերջին շրջանում քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր դեռ երկու տարի առաջ են սկսել իրենց նախընտրական քարոզչությունը: Մենք կարծում ենք, որ միշտ չէ, որ շատ խոսելը, անընդհատ հարցեր բարձրացնելը արդյունավետ եղանակ է, գերադասում ենք հանգիստ ու ծանրակշիռ աշխատելու տարբերակը: Կարծում եմ` քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ վնասվածք ստանում են, այնպես որ` մեր գործն ավելի բարդ է, քան լրագրողներինը»,- ասաց նա:
Լրագրողները կրկին հարցրեցին, թե արդյո՞ք Դաշնակցությունը վնասվածք ստացել է Հանրապետական կուսակցության հետ քաղաքական համագործակցությունից հետո: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Հիմա ես մի բառ ասացի, ու լրագրողները սկսեցին սևեռվել «վնասվածք» բառի վրա: Այո, վնասվածք ստացել ենք, բայց դա կապ չունի քաղաքական համագործակցության հետ»:
Նա վստահեցրեց, որ համաձայնագիրը, ընդհակառակը, հնարավորություն, դուռ է բացել երկրում արմատական որակական փոփոխությունների համար, որտեղ Դաշնակցության դերակատարությունը բավական մեծ է: