Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նշելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրով բանաձևը: Այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել:
Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նշում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունման օր. մյուսը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, որն իր «Yesh Atid» կուսակցությամբ բազմիցս բարձրացրել է Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,-ընդգծել է Լապիդը: Նա այս տարվա ապրիլին խոսել էր Իսրայելի «բարոյական և պատմական պատասխանատվության» մասին՝ նշելով, որ ժամանակն է իր երկրի կառավարության համար ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դադարեցնելու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու քաղաքականությունը: