կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 20:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու»․ պատգամավորը՝ լրագրողին

Այսօր Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Քրիստինե Պողոսյանի միջև։ Պատգամավորները խոչընդոտել են լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությունը՝ հարվածելով նրա միկրոֆոնին և սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։ 

Այս մասին տեղեկացնում է TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով համապատասխան գրառում և հայտարարելով, որ միջադեպի առթիվ պատրաստվում են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

Hraparak.am-ի հետ զրույցում Հարությունյանը մանրամասնեց՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը․ «Մեր լրագրողը մոտեցել է այդ պատգամավորներին, որ հարց տա, սակայն նրանք կոպիտ ձևով են արձագանքել, Քրիստինե Պողոսյանը խփել է TV5-ի միկրոֆոնին։ Մեր լրագրողը հարցրել է պատգամավորներին, թե ինչու են նման գրառումներ անում, ինչին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանն ասել է՝ «լավ ենք անում, գնա քո գործընկեր լրագրողներին հարցրու՝ ինչ բան է էթիկան, դու մեզ էթիկա մի սովորեցրու»։

Այնուհետև, ըստ հեռուստաընկերության տնօրենի, իրենց լրագրողը նորից է նույն հարցը ուղղել պատգամավորին, այդ ժամանակ արդեն Քրիստինե Պողոսյանն է միջամտել՝ սպառնալիքներ հնչեցնելով։ «Քրիստինեն ասել է՝ թող էս ամեն ինչը վերջանա, հատ-հատ բոլորդ պատասխան եք տալու։ Հետո նորից խփել է միկրոֆոնին ու ասել է՝ թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու։ Այսինքն՝ կոնկրետ սպառնալիք է հնչեցրել»,-ասաց պարոն Հարությունյանը։

Նշենք, որ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր TV5-ի ռեպորտաժներից մեկի պատճենն ու լրատվամիջոցին նույնացրել ադրբեջանական քարոզչամիջոցի հետ։ TV5-ի լրագրողն էլ այսօր ԱԺ-ում Արթուր Հովհաննիսյանին մոտեցել էր հենց դրա վերաբերյալ հարց տալու, թե ինչու է նման վիրավորական գրառում կատարել, հատկապես, երբ TV5-ի պատրաստած ռեպորտաժը քարոզչական տեսնակյունից միանգամայն օգտակար է հայկական կողմի համար։ Բայց իմքայալականները կարծես թե սկսել են այլևս թացը չորից չտարբերել, երկրի իրական շահը ճիշտ չգնահատել։