կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 16:04
Առանց Կատեգորիա

Անցավ կրճատում

Անցավ կրճատում

Եկեք չշարունակենք այն խոսակցությունները, թե նախարարները, ինչպես որոշ երկրներում, պետք է հրաժարվեն իրենց ծառայողական մեքենաներից եւ ամեն օր աշխատանքի գնան, օրինակ, հեծանվով: Որպեսզի, ենթադրենք, նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքի գնա հեծանվով, պետք է դրանով աշխատանքի գնալու մշակույթ ունենանք, եւ, օրինակ, 9-րդ Մասիվում «կաֆե» ունեցող քաղաքացի Շավարշն էլ ամեն օր հեծանվով բարձրանա Մասիվ: Եվ քանի որ մենք հեծանվով աշխատանքի գնալու մշակույթ չունենք, ուրեմն մշակույթի նախարարին պետք չէ մեղադրել մեքենայով աշխատանքի գնալու համար: Եվ ոչ միայն` նախարար Պողոսյանին:

Ու պետք չէ զուգահեռներ տանել Դանիայի կամ Ֆինլանդիայի հետ, որտեղ նախարարները ոչ միայն հեծանվով աշխատանքի են գնում, այլեւ երբեմն օգտվում են հասարակական տրանսպորտից, պետք չէ, քանի որ հեծանվով կամ հասարակական տրանսպորտով աշխատանքի գնացող նախարար ունենալու համար պետք է Դանիա կամ Ֆինլանդիա լինել, իսկ Դանիան եւ Ֆինլանդիան Դանիա եւ Ֆինլանդիա են դարձել ոչ նրա շնորհիվ, որ այնտեղ նախարարները հեծանվով են աշխատանքի գնում:

Նույնը, կարծես, նախարարներին վերջերս հորդորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չէ, նա չդիմեց նախարարներին՝ ասելով՝ աշխատեք, նա դիմեց նախարարներին՝ ասելով՝ ավելի լավ աշխատեք: Ավելի ճիշտ՝ եկեք ավելի ճիշտ աշխատենք, օրինակ` խնայողություններ անենք, կոնկրետ՝ կրճատենք պետական ապարատը: Որպեսզի այս կոչն անշունչ չհնչի, ասեմ, որ պետական ապարատը շնչավոր բան է, այսինքն` Դուբայի դյութի ֆրիից չեն բերում, քանի որ այնտեղ էժան է, պետական ապարատը մարդիկ են: Ի դեպ, նրանց  թվում քիչ չեն, օրինակ, պետական հիմնարկներում սուրճ խմող կանայք: Հիմա` վարչապետը կարծես առաջարկում է նաեւ նրանց կրճատել:  Հասկանալի է, որ բանակի համար ամեն ինչ արժե, բայց արդյո՞ք սրանից է պետք սկսել:

Իմ կարծիքով` ճիշտը սուրճից սկսելն է: Տեսեք` ծախսերը կրճատելու համար պետք  է/գոնե նախ եւ առաջ/ ոչ թե նախարարությունում աշխատող «սուրճ խմող տիկնանց» աշխատանքից ազատել, այլ սուրճը կրճատել: Պետական ապարատը կրճատելու փոխարեն նախ սուրճի ապարատը կարելի է կրճատել, եւ ոչ միայն: Նաեւ` մեքենաները: Թող նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ոչ միայն նա էլի ծառայողական մեքենաներով /համեստ գնի/ գնան աշխատանքի, բայց, եղբա'յր, կարող է, չէ՞, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետը ծառայողական մեքենա չունենալ, հեծանի՞վ չի սիրում, հասարակական տրանսպորտից նյարդայնանո՞ւմ է, ուրեմն թող տաքսիով գնա աշխատանքի, կամ էլ կտեսնի, թե քաղաքում քանի-քանի երիտասարդներ են տաքսի վարում՝ ստիպված:

Այսինքն` կարելի է վերցնել նախարարությունների վարչությունների, բաժինների պետերի, որոշ վարչությունների` անգամ պետերի տեղակալների ծառայողական մեքենաները, դրանք կրճատել, կրճատելով էլ՝ խնայել: Գուցե այդ խնայողություններից «Սմերչ» չենք կարող առնել, բայց 10 հատ Կալաշնիկովի ավտոմատ հաստատ կառնենք՝ ամիսը մեկ անգամ՝ տասը հատ:

Գումարենք, օրինակ, կոնյակի բաժակները եւ կոնյակները: Ես հասկանում եմ, որ կոնյակի թանկարժեքն է լավը, եւ որ կոնյակն, օրինակ, օղու բաժակով խմելը կոնյակ խմել չէ, բայց, առողջապահության նախարարությունում, օրինակ, ինչո՞ւ են խմում: Երեւանի քաղաքապետարանում, հասկացանք, առանձնապես գործ չկա, խմում են, բա նախարարություններում է՞լ գործ չկա, եթե չկա, բա ինչո՞ւ են աշխատանքի գնում ծառայողական մեքենաներով եւ աշխատավարձ ստանում, եթե կա, բա ինչո՞ւ են խմում:

Այնպես որ` սկզբում կարելի է ծախսերը կրճատել, նոր` ծախսողներին, մանավանդ, որ ծախսերն այնքան մեծ են, որ դրանք կրճատելու պարագայում հնարավոր է մարդկանց կրճատելու կարիք չզգացվի` իրենք իրենց կամքով հեռանան. դե էլ ոչ կարելի է շատ սուրճ խմել, ոչ մեքենայով աշխատանքի գնալ, ոչ էլ մի գավաթ ընտիր կոնյակով խմել հայ զինվորների կենացը:

Հովիկ Աֆյան