Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ տեղում ծանոթանալու բժշկական կրթական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
Նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ու կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի ուղեկցությամբ շրջել է կլինիկայի տարբեր բաժանմունքներում և հիվանդանոցային լսարաններում: Նախարարին ներկայացվել են վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում ԵՊԲՀ-ի կողմից կատարված աշխատանքները՝ մասնավորապես հիվանդանոցային համալիրում տեղակայված 4 ամբիոնները և ժամանակակից մանկաբուժության համար ստեղծված բազմապրոֆիլ ծառայությունները: Համալսարանական հիվանդանոցն ունի 230 մահճակալ և նախորդ տարվա ընթացքում սպասարկել է ավելի քան 22 հազար մանկահասակ երեխա: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին զեկուցվել է, որ օրական միջին հաշվով հիվանդանոցում մշտական դասընթացներ են անցնում շուրջ 128 օրդինատորներ և 1000 ուսանողներ, ովքեր առանձին դեպքերում պրակտիկ աշխատանքը համատեղում են ուսումնառության հետ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ բարձրագույն կրթության հիմնական խնդիրներից մեկը ուսումնական ժամանակակից բազաների ստեղծումն է, որը բժշկական կրթության պարագայում առանձնակի նշանակություն ունի:
«Մեզ անհրաժեշտ են ուսումնական այնպիսի բազաներ ստեղծել, որտեղ կմատուցվեն և՛ աշխատանքային ծառայություններ, և՛ միաժամանակ ուսանողը հնարավորություն կունենա կրթություն ստանալ և մասնագետ դառնալ: Բժշկական համալսարանն այս իմաստով բավականին ապահովված բուհերից է, որն ունի ոչ միայն համապատասխան ամբիոններ տարբեր հիվանդանոցներում, այլ նաև իր համակարգում ունի գործող կլինիկաներ»,- իր խոսքում նշել է Մկրտչյանը և հավելել, որ ԵՊԲՀ կլինիկաներն այսօր համարվում են բարձրակարգ հիվանդանոցներ, որտեղ կրթությունն ու առողջապահական ծառայությունները հաջողությամբ համակցվում են:
Նախարարի խոսքով՝ համալսարանական հիվանդանոցների գործունեությունը նաև լավ հնավորություն է, որպեսզի հանրությունը բժշկական կրթության որակի մասին կարողանա իրական պատկերացում կազմել: Մկրտչյանը ընդգծել է, որ ԿԳ նախարարությունը կարևորում է ուսումնական բազաների ստեղծումը՝ բոլոր մասնագիտությունների գծով, ընդ որում փորձ է արվում խնդրին ցուցաբերել համալիր մոտեցում՝ սկսած բուհերին կից հենակետային ավագ դպրոցների ստեղծումից, մինչև բուհական լաբորատորիաներ և ուսումնական արտադրամասեր:
Այցի ընթացքում ԿԳ նախարարը զրուցել է հիվանդանոցում դասընթացներ անցնող ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են բուհական ոլորտի տարբեր խնդիրների:
ՀՀ ԿԳՆ