կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 16:41
Քաղաքական

Փուլային կարգավորման հայկական սցենարը՝ ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի

Փուլային կարգավորման հայկական սցենարը՝ ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի

Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ.  Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ, խոսելով ԼՂ հակամարտության լուծման հեռանկարների մասին, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վստահեցրել էր, թե Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և Բաքուն կողմ է խաղաղ բանակցային գործընթացին:

«Երբ որ Ադրբեջանն ասում է, որ ինքը, ըստ էության, հրաժարվելով փաթեթայինից, տեսնում է փուլային, ավելին` ասում է, որ, փուլային ասելով, հասկանում է իր, ինչպես ինքն է բնութագրում, օկուպացված տարածքների վերադարձ, որից հետո՝ խոսենք, այդ դեպքում մենք ասում ենք,` դեմ չենք փուլայինին, որը արդեն լրիվ այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի եւ Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել, ԼՂ Հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին: Այսինքն` բոլոր փաստաթղթերում՝ լինի Մադրիդյան սկզբունքներ, թե Կազանի փաստաթուղթ, ըստ էության, դրված է փաթեթային տարբերակ, որը փորձում էր կողմերի մոտեցումները փոխզիջումների շնորհիվ, այսպես ասած, մերձեցնել:

Ադրբեջանը, ձեւականորեն կողմ լինելով փաթեթին, ըստ էության, շեշտադրում է արել միայն այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են, որով եւ փորձում էր աղավաղել փաթեթայինը եւ բերել դեպի փուլային: Դա, իմ կարծիքով, պատասխան է, որը հնչեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, բայց դա նաեւ այլ իմաստ է պարունակում:

Ադրբեջանի կողմից իրականացված վերջին օրերի ագրեսիայից եւ վայրագություններից հետո, լիովին ակնհայտ է, որ այն, ինչ դրված էր այն բոլոր տարբերակների հիմքում, վերանայման կարիք ունի:

Այդ իրավիճակը ցույց տվեց, որ

  • Ադրբեջանը չի հրաժարվել ի սկզբանե իր կողմից որդեգված ռազմական, ուժային քաղաքականությունից՝ հայատյացությունից
  • Կար 1994 թ-ի մայիսի 12-ին զինադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, ավելին` կա նույն թվականի արդեն հունիսի 27-ի պայմանագիրը, որտեղ ուղղակի նշված է, որ զինադադարը գործելու է մինչեւ մեծ քաղաքական պայմանագրի ստորագրումը
  • Եվ վերջապես1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին:

Եթե Ադրբեջանը կարող է միանգամից հրաժարվել իր միջազգային պարտավորություններից եւ իր ստորագրությունից, փորձում է ասել, որ դա այսօր չի գործում, պետք է արդեն հասկանանք, նաեւ միջնորդները պետք է հասկանան: Ենթադրենք վաղը ինչ-որ համաձայնագիր ենք ստորագրում, ստորագրում է նաեւ Ղարաբաղը, չէ՞ որ Ադրբեջանը նույն ձեւով կարող է հրաժարվել: Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք այնպիսի սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ առանց դա հաշվի առնելու չի կարելի առաջ գնալ: Հետեւաբար, այն, ինչ վերաբերում էր հենց կարգավիճակին, չի կարելի թողնել անորոշության մեջ: Իսկ տարածքների վերադարձի մասին հիմա խոսելը ես համարում եմ կոպիտ սխալ: Չի կարելի խոսել որեւէ տարածքի զիջման մասին առնվազն երկու պատճառով`

  • Դրա մասին կարող է խոսել միայն Լեռնային Ղարաբաղը
  • Այն դեպքում, երբ հակառակորդը ընդհանրապես բացառում է որեւէ կարգավիճակ, խոսել զիջումների մասին անիմաստ է:

Միակողմանի զիջումներ չեն լինում»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով միջնորդների դերակատարմանը եւ նրանց կողմից ոչ հասցեական մեղադրանքներ հնչեցնելուն, փոխարտգործնախարարը նշել է, որ հայկական կողմերը միշտ հայտարարում են դրա կարեւորության մասին: «Առավել եւս ապրիլյան դեպքերից հետո դրա մասին բաց հայտարարում ենք»,- ասել է նա:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Բլումբերգ»-ին տված հարցազրույցի եւ Սերժ Սարգսյանի մատնանշած երեք կարեւոր սկզբունքների մասին, բնական է համարել դրանք: «Երբ որ կրակում են, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Որպեսզի խոսեն բանակցային սեղանին վերադառնալու մասին, անհրաժեշտ է առնվազն՝

  • Չկրակեն,
  • Բացառվեն հետագայում նման միջադեպերը,
  • Ժողովուրդներին պատրաստեն խաղաղության եւ ստեղծեն վստահության մթնոլորտ:

Սրանցից հետո նոր կարելի է խոսել»,- նշել է փոխարտգործնախարարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում