կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 14:36
Հասարակություն

Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը

Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում  քննարկվել են Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու  Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու առաջարկությունը: 

Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից  է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի  առկա խնդիրները կանոնակարգելու՝  համապատասխան քաղաքականությունը մշակելու և միաժամանակ նաև իրագործելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին  ներկայացվել են մի քանի առաջարկություններ,  մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու  և զուգահեռաբար  նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ: Նախարար Լևոն Մկրտչյանն իբրև մտահոգություն նշել է, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ. "Խորհրդակցական մարմինները  ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության  ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը: Իմ մոտեցումը հետևյալն է. լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել   Հայերենի բարձրագույն  խորհուրդ՝  որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին",- նշել է Լևոն Մկրտչյանը: 

Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության  գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների  և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես  տերմինաբանական կոմիտեի  գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման  և  դպրոցական  ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ: 

Առաջիկայում նախատեսվում  են  քննարկումներ ՀՀ կառավարությունում և  մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: