կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-14 16:20
Հասարակություն

Հարգանքի տուրք` Արթուր Մկրտչյանի հիշատակին

Հարգանքի տուրք` Արթուր Մկրտչյանի հիշատակին

Այսօր լրացավ է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 24-րդ տարելիցը:

Ստեփանակերտի հուշահամալիրում Արթուր Մկրտչյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության և մի շարք այլ պատգամավորներ, ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, Արթուր Մկրտչյանի ընտանիքը եւ հարազատները. հայտնում է Արցախում լույս տեսնող «Ապառաժ» թերթը:

Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան` երբ ավարտվեց նրա կարճ, բայց պայծառ ու նվիրական կյանքի ուղին, մի ուղի, որն անջնջելի հետք է թողել Արցախի պատմության մեջ: Նրա դեմ արձակված կրակոցի պատճառն այդպես էլ մնացել է չպարզված, իսկ նրան սպանած գնդակը` չգտնված:

Արթուր Մկրտչյանը ղեկավարել է ընդամենը 97 օր, բայց նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնքան ներհյուսված են եղել հայ ժողովրդի նորագույն պատմությանը, որ նրա ղեկավարման 97 օրերը նրա անունն առհավետ գրել են ժողովրդի հիշողության մեջ:

Նրա գործունեությունը՝ 1988թ. փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչեւ նախագահ ընտրվելը, եղել է սրընթաց ու զարմանք հարուցող:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Արթուր Մկրտչյանը չի ընդունվել Հայաստանի այն ժամանակների իշխանությունների կողմից, ինչն անհերքելի փաստ է, դեռ ավելին` նրա ընտրվելուց հետո մի քանի օր շարունակ Հայաստանը զրկել է Ղարաբաղին բոլոր տեսակի օգնությունից:

Բոլոր այն մարդիկ, ովքեր բախտ են ունեցել գեթ մեկ անգամ շփվելու Արթուր Մկրտչյանի հետ, ակնածանքով են խոսում նրա մասին: Ա. Մկրտչյանի մասին նրա ժամանակակից Գագիկ Ավանեսյանը հուզմունքով է խոսում: Նրանք ցանոթացան, երբ դեռ նոր պետք է սկսվեր Արցախյան շարժումը, երկար ճանապարհ անցան միասին՝ հայկական հեռուստատեսություն ունենալու համար ստորագրահավաքից մինչեւ փետրվարյան ցույցեր եւ պատերազմ:

«Այսօրվա պես հիշում եմ փետրվարի 12-ի Հադրութի ցույցը, որը, ըստ էության, Արցախյան շարժման սկիզբն էր ազդանշում: Ցույցի ժամանակ, երբ ելույթ ունեցավ Արթուր Մկրտչյանը, բոլորը քարացած լսում էին: Հավաքված գյուղացի, մշակ, թե մտավորական, բոլորին հասանելի էր նրա խոսքը: Դա նրա յուրահատկություններից մեկն էր՝ խոսել այնպես, որ բոլորի սրտի թելերին կպչի, միասնություն սերմանի՝ վստահեցնելով, որ դա է մեր ազգի գոյատևման միակ երաշխիքը»,- նշում է Գագիկ Ավանեսյանը:

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը Արթուր Մկրտչյանի հետ, բացի գաղափարական եւ կուսակցական ընկերներ լինելուց, նաեւ մտերիմներ էին, նրանք միեւնույն մասնագիտությունն ունեին: Վահրամ Բալայանը համոզված է, որ եթե չլիներ ազգային-ազատագրական շարժումը, նրանք կհամագործակցեին գիտության ասպարեզում: Հարցին, թե արդյոք այսօր իրականությո՞ւն են դարձել Արթուր Մկրտչյանի իղձերը, նա պատասխանեց. «Ըստ էության` մեր ժողովուրդը նյութականացրեց այն տեսլականը, որ ուներ Արթուր Մկրտչյանը: Ունենք ազատ, անկախ հայրենիք, սակայն դեռ ճանապարհ ունենք անցնելու , երկիրը տնտեսապես զարգացնելու, քաղաքական համակարգը կատարելագործելու: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ուղու վրա ենք: Նա քաղաքական դաշտ բերեց նոր մշակույթ՝ ազնվություն, մարդասիրթյուն, նվիրվածություն, այն ամենը, ինչը մեզ համար ուղենիշ պետք է լինի մեր երկիրը զարգացնելու, հզորացնելու համար»: