Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ժամեր առաջ է վերադարձել Մարտակերտից, որտեղ նրան բոլորն են ճանաչում և ընդունում որպես հարազատի: Երգչուհին եղել է հենակետերում, շփվել զինվորների հետ, ինչպես միշտ՝ հիացած է նրանցով: Մարտակերտից գնացել է Թալիշ, որտեղ հայ զինվորները, նրան տեսնելով, բարկացել են, թե ինչո՞ւ է այս թեժ կրակոցների ներքո հասել Թալիշ:
«Փոխանակ ես նրանց գրկեմ, պաշտպանեմ, նրանք են ինձ վրա բարկանում, հասկանո՞ւմ եք»,- yerkir.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց Շուշան Պետրոսյանը` նշելով, որ իր «զգացմունքները բևեռացված են»:
«Հրաշք զինվորներ ունենք, բառերն ի զորու չեն արտահայտել իմ զգացողությունները: Մեկը մեկից հրաշք են: Որևէ երկիր ունի՞, արդյոք, նման մարտիկներ, նրանց նմանը չկա: Ոգեղեն, կազմակերպված ու լուրջ»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Հարցին, թե ինչպիսի՞ն են նրանց մտորումները, արդյո՞ք բավարարում է զինվորներին հրադադարը, թե նրանք ցանկանում են ավելի առաջ գնալ, պատասխանեց, որ թե' ինքը, թե' զինվորները, բնականաբար, ցանկանում են էլ ավելի առաջ գնալ, հատկապես` հյուսիսային ուղղությամբ, որտեղ Շահումյանն է:
Շուշան Պետրոսյանը ապշած է` զինվորները հասունությամբ են մոտենում զոհերի թեմային, որևէ տրտունջ, բողոք կամ պահանջ չկար նրանց մոտ:
«Նրանց խնդիրն ուրիշ է, նրանք ամբողջովին այդ խնդրի մեջ են: Ես սիրում են նրանց, ես հպարտ եմ, որ հայ եմ, հարուստ եմ: Բայց ուզում եմ ոռնալ, երբ տեսնում եմ զոհված զինվորների նկարները»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ լացի միջից ծիծաղ կա. մարտակերտցիների ուշադրության կենտրոնում հովիվն է, ով անօդաչու է խոցել: Խոսել է մարտակերտցի ընկերուհու հետ, հարցրել` «ոնց եք, ինչ եք անում», լսել է պատասխան. «Մատա'ղ, տուդա-աբրատնին եմ հաշվում»: Այսինքն` հանգիստ նստած, փոխհրաձգության կրակոցներն են հաշվում:
Շուշան Պետրոսյանը պատմեց, որ Մարտակերտի համար 1 դպրոցի ապակիները ռազմական գործողությունների ալիքից փշրվել են, և երբ առաջին դասարանցի աշակերտներից մեկը զանգել է տնօրենին ու հարցրել, թե վաղը դպրոցը բա՞ց է, տնօրենը պատասխանել է. «Բաց ա, լոխ բաց ա, մատա'ղ»:
Շուշան Պետրոսյանը հաստատում է, որ արցախցիների տոկունությունը լեգենդ չէ, այլ իրականություն: Եվ երբ Մարտակերտում էր, ականատես է եղել, թե ինչպես մի քանի ընտանիքներ, հիմնականում` ծերեր, երեխաներ, կանայք, վերադարձել են իրենց տները: Պատգամավորը հավելեց, որ Մարտակերտում երկուշաբթի օրվանից դպրոցները կսկսեն գործել:
Հարցին, թե այս ամենից հետո կարո՞ղ են երգեր ծնվել, Շուշան Պետրոսյանը պաատասխանեց. «Սիրտս չի երգում, ի՞նչ երգ, երբ լացը խեղդում է կոկորդս»: