Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20-ամյա զինծառայող, շարքային Նարեկ Վարդումյանը, ով վիրավորվել է հակառակորդի արկի պայթյունից, ասում է. «Բուժվելու եմ ու միանգամից սահման վերադառնամ»:
Նարեկը վիրավորվելուց հետո տեղափոխվել է Երևան`Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ևս 31 վիրավոր զինվորական է բուժում ստանում:
Նա պատմեց, որ ամեն օր խոսում է ընկերների հետ, նրանք հավաստիացնում են, որ ամեն ինչ նորմալ է: Տղաները, ըստ Նարեկի, ծխախոտի կարիք ունեն:
«Զորամասի տարածքում էինք, երբ արկ պայթեց, բեկորները մտան կոնքս… Ուզում եմ սահմանին կանգնած տղերքին առողջություն մաղթել, թող ուշադիր լինեն, թող այստեղ եղած բոլոր տղաները նրանց օգնական գնան: Տղե'րք ջան, ձեր ցավը տանեմ, դուք հիմա դիրքերում եք, մենք` այստեղ պառկած, բայց դիմացեք` գալիս ենք»,- ասաց Նարեկը:
Նարեկի մայրն էլ պատմեց, որ երբ իմացել է որդու` վիրավոր լինելու մասին, անմիջապես հոսպիտալ է եկել: «Ամբողջ աշխարհն աչքիս ոչինչ էր երևում, մենակ ուզում էի տեսնել տղայիս` ինչ վիճակում էլ լիներ, ամեն ինչի էլ պատրաստ էի»,- ասաց նա:
19-ամյա շարքային Արման Ավետիսյանն էլ գնացել էր` դասակի հրամանատարին առաջնագծից հետ բերելու, երբ ոտքի տակ նռնակ են գցել:
«Պայթյունից ընկել էի, հետո կանգնեցի, բայց անմիջապես ընկա… Հասկացա, որ ոտքս չկա… Բոլոր վիրավորներին առողջություն եմ մաղթում: Դիրքերում ծառայող տղաներին լավ նայեք, ամեն ինչ արեք, օգնեք` ինչով կարող եք»,- ասաց նա:
19-ամյա կրտսեր սերժանտ Դավիթ Գրիգորյանը փրկվել է դասակի հրամանատարի շնորհիվ: Նա պատմեց, որ միանգամից երկու ականի վրա է պայթել, հրամանատարն է իրեն օգնության հասել:
«Պայթյունից երկու ոտքս էլ ամպուտացվել է: Չէի կարող սողալ` տարածքն ամբողջն ականապատ էր, եթե սողայի, կպայթեի: Գլխիս տակ արկ կար, ձեռքով հանեցի` կողքս դրեցի: Արկ էր` քար չէր. քարն ու ականը տարբերվում եմ իրարից: Ինձ հիմա միայն անհանգստացնում է այն, որ տղաները դիրքերում են, իսկ ես` այստեղ: Ընկերներիցս շատերից լուր չունեմ»,- ասաց Դավիթը:
Պայմանագրային շարքային զինծառայողներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ վիրավորվել է, երբ Ճարտարի տարածքում լուսաբացին հակառակորդի տանկերի ներխուժումն էին կասեցնում: «Մեկ էլ հանկարծակի ականը պայթեց, վիրավորում ստացա, հետո էլ չեմ հիշում` ինչ եղավ: Կրծքավանդակի շրջանում /հետին կողմից/ բեկորային վնասվածք եմ ստացել, բայց, միևնույն է, տրամադրվածությունս մարտական է, պետք է վերականգնվեմ և կրկին ծառայության մեկնեմ. 10 տարի է` ծառայում եմ»,- ասաց զինծառայողը:
21 ամիս իր զինվորական պարտականությունը կատարող Համբարձում Վարդանյանի հիվանդասենյակ մտնելիս նախ նրա շնորհավորանքը լսեցինք Մայրության տոնի առթիվ. մաղթեց, որ բոլորի զավակները տուն վերադառնան: Համբարձումը, ով վիրավորում է ստացել ծոծրակի շրջանում, հավաստիացնում է` լուրջ բան չկա, պետք չէ իր համար անհանգստանալ, կարևորն այս պահին սահմանին կանգնած տղաներն են: «Կուզեմ` տղաները զգոն լինեն, կազմակերպված ու լսեն հրամանատարներին»,- ասաց նա:
Համբարձումը հիշում է, երբ հակառակորդը հարձակվեց, իրենք արագ կողմնորոշվեցին: «Մեր նպատակը մեկն էր`մեր սահմանն անառիկ պահել»,- ասաց նա: