կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 22:07
Քաղաքական

Սա լավագույն ֆորմատը չէր. Աղվան Վարդանյանը` «4+4+4» ձեւաչափի մասին

Սա լավագույն ֆորմատը չէր. Աղվան Վարդանյանը` «4+4+4» ձեւաչափի մասին

«Որոշ հուսադրող բաներ կան այս քննարկման մեջ` հաշվի առնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիցչների բավական կառուցողական մոտեցումը` հարցերի մեջ խորանալու, փաստարկները ուսումնասիրելու»,- 1in.am-ի հետ զրուցում անդրադառնալով ԸՕ-ի նախագծի շուրժ 4+4+4 ձեւաչափով քննարկմանը` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ քանի որ արդեն ընդդիմությունն ասել է, որ իր վերջնական տեսակետն այս ձեւաչափում չի հայտնելու, ակնկալել, որ այստեղ կլինի մերձեցում, իրատեսական չէ: «Դրված է հարցերի մեծ շրջան` 7 հիմնական խնդիր, որ չափազանց կապակցված են: Այստեղ մոտեցումը պետք է լինի հետեւյալը, եթե մենք ուզում ենք լուծումներ, որոնք այս խնդիրը փարատում են, ուրեմն կարելիէ կոնսենսուսի գնալ, բայց եթե մենք դիտարկում ենք փաթեթ` մեկ ընդհանուր լուծումով, սա արդեն ուրիշ տեսակետ է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով նույնականացման քարտերով քվեարկության հարցին`ՀՅԴ պատգամավորը նշեց. «Ես խորապես համոզված եմ, որ անձը հաստատող մեկ փաստաթուղթ ունենալը խորապես նպաստելու է ընտրությունների որակի բարձրացմանը: Մի բան է, երբ մենք ունենք 3 տարբեր փաստաթուղթ, եւ այլ բան է, երբ բոլորն ունենում են նույնականացման քարտ: Բայց ցավոք մեր գործընկերների մոտ մերժող մոտեցում կա ցանկացած նոր, էլեկտրոնային նորամուծության նկատմամբ, ինչն ինձ համար անհասկանալի է»:

Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը` Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն կողմնակից է եղել դրան, բայց այլ քաղաքական խնդիրներ կան, այդ թվում` Վենետիկի հանձնաժողովի առարկությունները, եւ իրենք առաջարկում են լուծում` ավելացնել ցուցակների մատչելիությունը, որ ընտրությունից հետո ցանկացած դիտորդ անձ իրավունք ունենա քաղվածքներ անելու ցուցակներից եւ համադրելու արդյունքների հետ: «Իմ համոզմամբ, շատ ավելի օպտիմալ կլիներ, երբ մասնագիտական քննարկում տեղի ունենար, երբ տարբեր տեսակետ ունեցողները բերեին փորձագետների, որոնք մասնագիտական կարծիք հայտնեին: Սա ինչ-որ առումով կիսաքաղաքական ֆորմատ է` ընդդիմություն-իշխանություն-քաղհասարակություն, եւ ինչ-որ առումով հնարավոր չի լինում խուսափել կրկնություններից, փոխադարձ մեղադրանքներից, հիշողություններից, սա լավագույն ֆորմատը չէ, բայց քանի որ այսպես եղավ, թող լինի այսպես»,- քննարկման ընթացքը գնահատեց Վարդանյանը: