կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-31 17:42
Տնտեսական

Ագարակն ու Մեղրին իրանական գազ կունենան

Ագարակն ու Մեղրին իրանական գազ կունենան

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում ԻԻՀ կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար` որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:

Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և իրանական «Սաներջի» ընկերության (Sanergy) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր, համաձայն որի՝ «Սաներջի» ընկերությունը պարտավորվել է իրականացնել գազի բաշխման ցանցի նախագծումը, կառուցման համար պահանջվող սարքավորումների և պարագաների մատակարարումը, տեղակայումը, շահագործման հանձնումը և տեխնիկական հսկողությունը:

2013-ին նախագծման աշխատանքներն ավարտվել են և սկսվել են համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Սակայն շինարարական աշխատանքները չեն մեկնարկել՝ պայմանավորված ԻԻՀ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցմամբ: 2015թ. հոկտեմբեր ամսից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը, և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները:

Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն` շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ. սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: 

Կառավարության նիստում այսօր տրվեց թույլտվություն, ըստ որի՝ ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերությանը թույլատրվում է ՀՀ-ում իրականացնել օրենքով նախատեսված շինարարական աշխատանքներ՝ այդ ծրագրի շրջանակներում:

Նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը լրագրողների հետ զրույցում նշեց.  «Խոսքը գնում է ոչ թե ռուսական գազի, այլ իրանականի մասին:  «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում միակ մասնագիտական կառույցն է, որը կարող է հայկական կողմից վերահսկել պետական կատարման մակարդակը: Գազը ներմուծվելու է Իրանից»:

Նախարարը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե որքա՞ն է արժենալու իրանական գազը հայկական երկու համայնքների համար, ըստ նրա` բոլոր հարցերի պատասխանները կտրվեն շինաշխատանքներն ավարտելուց հետո:

«Գազի  հետ կապված բանակցությունները շարունակվում են և՛ ռուսական, և՛ իրանական կողմերի հետ: Դուք ինձնից կանխատեսումներ եք պահանջում, բայց ես մեկ անգամ ասել եմ, որ կանխատեսումներ չեմ անում:  Ընդամենը կարող եմ ասել, որ այդ երկու համայքների համար գազի բաշխիչ ցանցեր են կառուցվում: Այսօր արդեն համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, աշխատանքներ են ընթանում, որ յուրաքանյուր բնակիչ ապահովվի գազով»,- ասաց նախարարը:

Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ եթե թանկ լինի գազը: Նախարարը նշեց, որ եթե թանկ կլինի, ուրեմն հայկական այդ երկու համայնքների բնակիչները կորոշեն` սպառել այդ գազը կամ չսպառել: