Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հիշո՞ւմ եք, թե ի՞նչ պայքար էր ծավալվել սահմանադրական՝ արդեն իսկ կայացած փոփոխությունների դեմ: Իսկ հիշո՞ւմ եք, թե ովքեր էին պայքարում, ինչպես էին պայքարում, պայքարելիս ինչեր էին ասում: Շատ չի անցել, պետք է, որ հիշեք` «սահմանադրական փոփոխություններով` Սերժ Սարգսյանենք վերարտադրվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր կողմ են այդ փոփոխութուններին, ուզում են, որ այդ վերարտադրությունը տեղի ունենա»: Եվ որովհետեւ այդ վերարտադրությունը հայրենիքի դավաճանության պես մի բան է, ուրեմն սահմանադրական փոփոխություններին «այո» ասողները հայրենիքի դավաճանի պես մի բան են կամ առնվազն` սրիկա: Այդպես ասում էին եւ լուրջ էին ասում, համենայն դեպս, երբ ասում էին, չէին ծիծաղում-ժպտում, դեմքերը լուրջ էին, ես կասեի՝ ջղային-հայրենասիրական:
Ուրեմն` այս մարդկանց տեսակետով՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հայրենիքի դավաճանության պես մի բան, որից այս երկիրը դեռ երկար, առնվազն մինչեւ հաջորդ սահմանադրական փոփոխությունները ուշքի չի գալու, եթե, իհարկե, ուշքի գա: Տրամաբանական է, որ նրանք, ովքեր դեմ էին այս «դավաճանությանը», պետք է տեղները հանգիստ չնստեին, հրապարակներն այսօր ոչ թե պետք է բազմամարդ լինեին, այլ դեկտեմբերի 6-ից հետո պետք է դատարկված չլինեին. կատակ բան չէ, տեղի է ունեցել հայրենիքի դավաճանություն:
Բայց զգացի՞ք, թե ինչ սահուն անցում տեղի ունեցավ՝ սահմանադրական փոփոխություններից ընտրությունների նախապատրաստում, այն է՝ Ընտրական օրենսգրքի քննարկումը, որն, ի դեպ, բխում է հենց սահմանադրական փոփոխություններից: Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ է արել, այնտեղ էլ «տոկոս է խփել», որպեսզի վերարտադրվի, ապա Սերժ Սարգսյանն Ընտրական օրենսգիրք է փոխում նույն այդ պատճառով: Բայց նրանք, ովքեր դեմ էին սահմանադրական փոփոխություններին, կոստյումներով եւ փողկապներով, լուրջ-լուրջ նստած, քննարկում են Ընտրական օրենսգիրքը: Հիմա նրա՞նք էլ հայրենիքի դավաճան են, իսկ գուցե ոչ ոք էլ դավաճան չէ՞: Մի՞թե հնարավոր է, որ տեղի ունենա հայրենիքի դավաճանություն, եւ այն տեսնողները մի սեղանի շուրջ բան քննարկեն «դավաճանների» հետ: Լավ, ո՞ւմ եք խաբում, եւ, ինչն ավելին կարեւոր է՝ դեռ որքա՞ն եք խաբելու: Եթե համոզված էիք, որ սահմանադրական փոփոխությունները հանցագործություն էին, ապա ինչո՞ւ եք քննարկում այդ հանցագործությունից բխած մեկ այլ հանցագործություն, որը Ընտրական օրենսգիրք է կոչվում: Չէ՞ որ հնարավոր չէ, որ հանցագործությունից լավ բան ծնվի, չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ընտրական նոր օրենսգիրքը սահմանադրական փոփոխություններից է ծնվել: Գուցե հիմա կո՞ղմ եք նոր Սահմանադրությանը կամ հարմարվե՞լ եք դրան: Ամոթ բան չէ, ավելին` հաճախ է պատահամում` մարդ ես, առաջ այլ կերպ էիր կարծում, հիմա` այլ կերպ: Բայց այդ պարագայում պարզ հայտարարեք, որ` հարգելի\' ժողովուրդ, մենք առաջ կարծում էինք, որ սահմանադրական փոփոխությունները հայրենիքի դավաճանություն են, բայց հիմա այդպես չենք կարծում, հիմա մենք կարծում ենք, որ անգամ նոր Սահմանադրության պարագայում մենք կարող ենք ձեր օգնությամբ հաղթանակի հասնել: Դժվար բան չէ, եթե, իհարկե, ժողովուրդը ձեզ համար հարգելի է, բայց հարգելի՞ է…
Հովիկ Աֆյան