կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 18:13
Իրավական

Հիվանդը գիտակցության էր եկել, ապտակել բուժաշխատողին, պատռել նրա տաբատը. գործն ընդունվեց ՀՔԾ վարույթ

Հիվանդը գիտակցության էր եկել, ապտակել բուժաշխատողին, պատռել նրա տաբատը. գործն ընդունվեց ՀՔԾ վարույթ

2015 թվականի սեպտեմբերի 21-ին` ժամը 22:00-ի սահմաններում, քաղաքացի Դանիել Թ.-ն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը` ժամը 23:00-ի սահմաններում, գիտակցության է եկել ու հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, հայհոյանքներ է հնչեցրել և ապտակել նույն բաժանմունքի աշխատակցին, պատռել է վերջինիս տաբատը, բռունցքներով հարվածներ է հասցրել իրեն բուժող բժշկին, բժշկական մետաղյա ձողով հարվածել ու վնասել է հիշյալ բաժանմունքի դուռը:    

Այնուհետև քաղաքացի Դանիել Թ.-ն բռնություն է կիրառել իր անօրինական գործողությունները կանխող, հիշյալ բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանի նկատմամբ: Տևական ժամանակ Դանիել Թ.-ն չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, շարունակել է բռնություն կիրառել վերջինիս նկատմամբ, որի ընթացքում ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Դանիել Թ.-ն ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և շուրջ 7 ամիս կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: