կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-05 17:57
Քաղաքական

Մտահոգություն ունեմ, որ մարզերում կսպանենք դեռ չստեղծված քաղաքականությունը. Հարությունյանը` փակ համամասնական ընտրակարգի մասին

Մտահոգություն ունեմ, որ մարզերում կսպանենք դեռ չստեղծված քաղաքականությունը. Հարությունյանը` փակ համամասնական ընտրակարգի մասին

Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստում «Ելք» խմբակցության առանցքային առաջարկներից էր՝ սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով: Առաջարկը ներկայացնող` «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ այս հարցը երկար քննարկվել է, և միայն ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի դիտարկմանը կանդրադառնա:

Դավիթ Հարությունյանի դիտարկումը հետևյալն էր` այս դեպքում կունենանք երևանյան ցուցակ, և մարզային թեկնածուներ չեն լինի:

«Կուսակցություններն իրենք պետք է շահագրգռված լինեն, որ իրենց ցուցակներում ընդգրկված լինեն մարզային թեկնածուներ, որովհետև եթե մի կուսակցություն, որ իր ցուցակում միայն Երևանից ընդգրկի, կլինեն կուսակցություններ, որ մարզային կընդգրկեն ու կլինեն ավելի մրցունակ»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանն առարկեց. «Իմ մտահոգությունը` եթե չերաշխավորենք մանդատներ տարածքների համար, մենք չենք ունենա տարածքային ներկայացուցչություն: Եթե մենք արհեստածին արձանագրենք, որ մարզից ցուցակում լինի, դա չի աշխատի: Առաջինը պետք է մեխանիզմ ունենալ, որ խթանի` տարածքում, տեղերում կուսակցություններն ունենան քաղաքական կազմակերպություններ: Քննարկել միջանկյալ տարբերակ, մեծացնել ծավալը, բայց անցնել միասնական ցուցակի՝ անգամ բաց, ես մտահոգություն ունեմ, որ մենք կսպանենք դեռ չստեղծված քաղաքականությունը մարզերում»,- ասաց նա:

Հարությունյանն ասաց` ինչ վերաբերում է փակ ցուցակներին, ապա իր մտհոգությունն ավելի մեծ է: «Ժողովրդավարական շատ երկներում քաղաքականությունը սկսել է մահանալ, և պատճառը շատ հաճախ հենց փակ ցուցակն է: Մեր երկրում փակ ցուցակը, ի վերջո, հանգեցնելու է մարդ կամ վերնախավ կուսակցություն հասկացությանը, որովհետև փակ ցուցակի հիմնական հարց լուծողները առաջին հինգ, տասը անդամներն են, մնացածները որևէ դերկատարություն չեն ունենում: Այն պարավոզը, որի պոչից բերելու է ցուցակը, կլինի նահանջ ժողովրդավարությունից»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ կարող են միջանկյալ լուծում գտնել հաջորդի համար: «Բաց ցուցակներով քվեակության գաղափարից եկեք ի սպառ չհրաժարվենք: Հասկանանք` ինչ խնդիր ենք լուծում, բանավիճենք, բայց հընթացս չփակենք հարցը, հնարավոր է միջանկյալ տարբերակներ, որոնք շատ են»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձեց, որ համամասնականի տրամաբանությունն այն է, որ մարդիկ ընտրում են կուսակցություն: Ըստ նրա` բաց համամասնականը շատ ավելի ճիշտ տարբերակ է, որ դասավորությունն էլ տան, ժողովուրդը որոշի: «Շատ ավելի ժողովրդավարական է»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ անձի կարևորությունը նշելու լավագույն ձևը մեծամասնական էր, ով կունենար կոնկրետ պարտավորություն, բայց պրակտիկան ցույց տվեց, որ ՀՀ-ի դեպքում չի աշխատում, և ընտրողը հինգ տարի այդ մեծամասնականով ընտրված պատգամավորին չի տեսնում:

«Ելք»-ի ներկայացուցիչ Գեորգի Դոխոլյանն ասաց, թե վարկանիշային ընտրակարգի կամ մեծամասնական ընտրակարգի դեպքում ստացվում է, որ ցուցակում կա էլիտա, մնացածին էլ ասում են` գնացեք, մեզ համար ձայն բերեք ռեյտինգով:

Դավիթ Հարությունյանը նշեց, թե կարելի է քննարկել էլիտայի տոկոսը նվազեցնելու հարցը, և հավելեց, որ մինչև 50%-ը, իհարկե, շատ է, ու առաջարկեց, որ հիմնական մասը գնա մարզեր:

Ըստ ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի` պետք է հասկանալ` շրջաններից ինքնանպատա՞կ ենք ներգրավում, և դրանից խորհրդարանի որակը կընկնի՞, թե՞ ոչ: «Եթե հիմնավորում ենք փակը կամ բացը, հիմնավորենք խորհրդարանի որակից, այլ ոչ թե Տավուշի մարզից մարդ կլինի, թե` ոչ»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանն էլ դեմ էր: «Տեղական ժողովրդավարությունը, տեղային ներգրավվածությունը մեծ կարևորություն ունի», -ասաց նա: