Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում մեկնարկեց Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստը. հայտնում է «ԳԱԼԱ»-ն: Դատարանը շարունակում է գործով վկաների հարցաքննությունը:
Առաջինը հարցաքննության հրավիրվեց Միխայիլ Խաչատրյանը՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սահմանապահ ջոկատի աշխատակից, սպա: Նա պատմեց, որ ճանաչում է գործով ամբաստանյալ Վ. Պերմյակովին: Վերջինս հունվարի 12-ի ուշ երեկոյան իր կողմից է ձերբակալվել սահմանային ուղեկալում:
Դատավորն առաջարկեց պատմել այն ամենն, ինչ գիտի քրեական գործի մասին: Վկան պատմեց, որ հունվարի 12-ի գիշերը, լույս 13-ին զորամասի հրամանատարությունը հրաման է արձակել, որպեսզի շտապ մեկնի ծառայության, քանի որ պահակակետից զինծառայող է փախել: Եկել է զորամաս ու ավագ սերժանտի հետ խստացված ռեժիմով աշխատանքի անցել: Հատուկ վարժեցված շան հետ ինքն ու ավագ սերժանտը մեկնել են Մյասնիկյան 188 տուն, ուսումնասիրել տարածքը, մոտ 200 մետր գնացել ու կորցրել հետքը, դեպքի վայրում տեսել են նաեւ քաղաքացիական հագուստով երկու անձանց, ենթադրել են, որ ՀՀ ոստիկանությունից են:
«Դրանից հետո հրամանատարի հրամանով գնացի սահմանային ուղեկալ: Երբ ժամանեցի ուղեկալ, այնտեղ արդեն իմացա ինչ է պատահել, դրանից հետո սահմանային ուղեկալում արդեն ուժեղացված ռեժիմով էր գնում հսկողությունը: Երբ եկանք ծառայության վայրը, տեսանք պոմպային մասում լապտերի լույսը: Նկատեցի, որ ինչ-որ մեկը լապտերի լույս է գցել, ես տեսա եւ զորամասի հրամանատարին ասացի այդ մասին: Տվյալ լապտերի լույսը մոտենում էր մեզ, թույլ տվեցինք, որ անծանոթը մոտենա, որ կարողանանք ձերբակալել, կանչեցինք, անծանոթը պատասխանեց՝ ձերոնցից եմ, այդ ժամանակ ես հասկացա, որ երեւի թե դա փնտրվող անձն է: Երբ հրաման արձակեցի կանգնել, ինքը շարունակում էր շարժվել: Ես նախազգուշական կրակոց արձակեցի, դրանից հետո անծանոթը կանգ առավ: Ես հրամայեցի պառկել գետնին, դրանից հետո ես հրաման արձակեցի, որ սերժանտ Սումբուլյանը պատրաստի իր ավտոմատը: Հետո ժամանեց սերժանտ Մախսուդյանը, որից հետո օպերատիվ խումբ է եկել: Իմ ուղեկալի զննությամբ հայտնաբերել եմ երեք հեռախոս, դրանից հետո հրաման եմ տվել սերժանտ Մախսուդյանին` օգնել ինձ, այդ ժամանակահատվածում ինձ զանգահարել է զորամասի հրամանատարը»,- պատմեց Միխայիլ Խաչատրյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը վկայի՝ դատարանում տված ցուցմունքի ու նախաքննական ցուցմունքի միջեւ նկատեց անհամապատասխանություն: Մասնավորապես` այն, որ նախաքննության ընթացքում վկա սահմանապահը հայ քննիչներին չի պատմել, որ գիշերը փորձել են փնտրել Վ.Պերմյակովին: Վկան արձագանքեց, որ ռուս քննիչներին մանրամասն պատմել է ամեն բան, իսկ հայ քննիչներն իրեն այդ մասին չեն հարցրել: Բացի այդ` Միխայիլ Խաչատրյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ միայն առավոտյան է իմացել, որ Պերմյակովը հենակետից զենքով փախել է, այնինչ դատարանում հայտնեց, որ գիշերն անգամ փնտրել են ամբաստանյալին:
«Ինչքա՞ն տեւեցին որոնողական աշխատանքները, երբ նաեւ հայկական կողմն էր տեղեկացել կատարվածի մասին» հարցին պատասխանեց. «Մենք առաջին հերթին կանգնած սպասում էինք, երբ հայկական կողմը կգա: Նրանք եկան 30-40 րոպե հետո, կանգնած սպասում էինք: Ընդհանուր առմամբ, զննությունը շատ արագ կատարվեց՝ 10-15 րոպե: Առաջին տանը 12 հոգի էին, տանտերն ասաց, որ բոլորը քնած են, աղմուկ չեն լսել, տան մեջ կար ավտոտնակ, մտանք, զննեցինք, ոչ ոք չկար: Հայ իրավապահների հետ, ովքեր ժամանել էին, ու մենք»,- պատմեց վկան:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: