Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ հոգեմետ դեղամիջոց ձեռք բերելու և պահելու համար ձերբակալված` Քաղաքային էնդոկրին դիսպանսերի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բժշկուհին, աշխատելով Քաղաքային էնդոկրին դիսպանսերում՝ որպես սրտաբան, և ունենալով լիազորություն՝ հոգեմետ դեղահաբեր դուրս գրելու, մեկ այլ բնակչուհու անվամբ դուրս է գրել հոգեմետ դեղամիջոցի` թվով 48 հատ դեղահաբերի դեղատոմս: Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին դեղահաբերից մի քանի հատն ապօրինի իրացրել է մեկ այլ քաղաքացու, որի ինքնությունը քննությամբ պարզվել է, իսկ մնացածը պահել է իր մոտ:
Yerkir.am-ի հետ զրույցում Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը հայտնեց, որ հիշյալ բժշկուհին իրենց մոտ կես դրույքով է աշխատել: Տնօրենի խոսքով՝ ամեն ինչ հանկարծակի է եղել: «Նորմալ անձնավորություն էր, բայց այսօր մենք չգիտենք` նորմալի տակ ինչ է թաքնված, բայց լավ տպավորություն էր թողել` որպես բժիշկ, մասնագետ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է բժշկուհին անփորձ էր և չի գիտակցել արարքի հետևանքները, տնօրենը պատասխանեց՝ ոչ: Նա նաև հայտնեց, որ սրտաբանին դեռևս աշխատանքից չեն ազատել, սակայն հետագայում հնարավոր է ազատեն:
Yerkir.am-ի տեղեկություններով` մինչ ձերբակալվելը բժշկուհու շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը: Սակայն նա մեզ տեղեկացրեց, որ սրտաբանը ձերբակալումից հետո վճարովի պաշտպան է ձեռք բերել: