կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 11:13
Քաղաքական

Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետություն լինի, Նիկոլ Փաշինյան չլինի

Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետություն լինի, Նիկոլ Փաշինյան չլինի

hraparak.am-ի հարցազրույցը ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ

– Մեկ շաբաթ է՝ ընդդիմությունը դիմադրության շարժում է սկսել եւ հայտարարում է, որ պայքարի կուլմինացիան լինելու է մայիսի 1-ին։ Ի՞նչ է սպասվում այդ օրը՝ իշխանությունների հրաժարակա՞ն, թե՞ պայքարի նոր փուլ է մեկնարկելու արդեն միայն մայրաքաղաքում։

– Մայիսի 1-ին լինելու է համապետական բողոքի ակցիա, որն ինքնին նշանակում է, որ բոլոր քաղաքացիները, որոնք դուրս են եկել փողոց պայքարելու, մեկտեղվելու են մեկ հարթակում եւ բողոքի գործողությունն ու վճռականությունը հավաքական կերպով ցույց տալու։ Սա լինելու է մեկնարկը՝ պայքարի վերջին փուլի։ Առաջին օրվանից ասել ենք, որ մենք մինչեւ վերջ ենք գնալու, եւ այդպես էլ լինելու է։ Իսկ տակտիկական հարցերի, տվյալ փուլի գործողությունների մասին կհայտնենք այդ օրերին, մեր քաղաքացիներն իրազեկ կլինեն բոլոր գործողություններին, որոնք պատրաստվում ենք իրականացնել համատեղ ջանքերով։ Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ անպայման ներկա գտնվեն իրենց ընտանիքներով, ընկերների, հարեւանների, կոլեկտիվների հետ միասին, որեւէ ջանք չպետք է խնայվի, որեւէ գործ, պատրվակ չպետք է խանգարի այս պայքարին, քաղաքացին պետք է ցույց տա, որ պատրաստ է բեկելու այս պայքարը, եւ մենք պայքարի վերջին հանգրվանի մեկնարկն ենք տալու մայիսի 1-ին։ Իսկ պայքարը երկար չի տեւելու, եւ հասնելու ենք մեր բուն նպատակին։

– Ճի՞շտ հասկացա, որ մայիսի 1-ից բոլոր ընդդիմադիրներով համատեղ եք շարունակելու անհնազանդության ակցիաները, հանրահավաքները կամ այլ ակցիաներ։ Այսինքն` ապակենտրոն պայքարն ավարտվում է:

– Լինելու է, այո, համախմբման, համապետական հանրահավաք, եւ նոր թափով բողոքի գործողություններ կլինեն, իսկ թե ինչպիսին, ընթացքում տեղյակ կպահենք հանրությանը։

– Որ ասում եք՝ մինչեւ վերջ ենք գնալու, պայքարը երկար չի տեւելու, ի՞նչ նկատի ունեք, դուք կարծում եք, որ փողոցում հազարավոր մարդկանց ներկայությունը կստիպի Նիկոլ Փաշինյանին կամովին հեռանա՞լ։

– Գիտեք` մինչեւ վերջ գնալ՝ նշանակում է հասնել այսօրվա իշխանությունների հեռացմանը։ Այս նպատակը չի փոխվել, նոյեմբերի 9-ից հետո այն մեր օրակարգում է։ Մինչեւ վերջ գնալը նշանակում է՝ բողոքի գործողությունները ծավալել այն տրամաբանությամբ ու վճռականությամբ, որ այդ նպատակը կյանքի կոչվի, կյանքի կոչվի օր ու ժամ առաջ։ Տեսնելով հանրության տրամադրությունները, կարող եմ ասել, որ դրանք մեզ տալիս են այդ հնարավորությունը, որ պիտի հանգուցալուծվի այդ խնդիրը։

– Նոյեմբերի 9-ից հետո բազմահազարանոց ցույցեր եղան, բայց իշխանությունը չգնաց, հիմա ի՞նչ է լինելու, որ գնան։

– Նոյեմբերի 9-ից հետո, ցավով պիտի արձանագրենք, որ խոսքը մեր գոյատեւման մասին է` ոչ թե լավ ապրելու, այլ ապրելու իրավունքի, ՀՀ պետականություն ունենալու իրավունքի մասին։ Նոյեմբերի 9-ից հետո, ցավոք, իրականացան մեր բոլոր կանխատեսումները, որ այսօրվա իշխանություններն ամեն հաջորդ օրն ավելի են մեծացնելու երկրի առջեւ ծառացած սպառնալիքները։ Այսօրվա իշխանությունների հեռացումը պիտի լինի ՀՀ քաղաքացու որոշմամբ, եւ, այո, ես համոզված եմ, որ այս ընթացքում ՀՀ բազմահազարանոց քաղաքացիներ, ընթացիկ իրողություններով պայմանավորված, փոխել են իրենց դիրքորոշումը եւ հասկանում են, որ այսօրվա բոլոր արհավիրքների պատճառն այսօրվա չարիքի իշխանություններն են՝ մահերի, գոյատեւման սպառնալիքի եւ այն վիճակի, որն այսօր ունենք։ Շատ բան է փոխվել այս ընթացքում, քաղաքացիները, որոնք չեզոք էին այս պրոցեսների նկատմամբ, բազմահազարները փոխել են այդ դիրքորոշումը։ Պատահական չէ մեր կարգախոսներից մեկը՝ «Զարթիր լաո»-ն է, որն ունի հանրային մեծ աջակցություն։ Այո, նա ինքնակամ չի հեռանալու, նրան մենք հեռացնելու ենք, ինքն իր իշխանությունն ամեն գնով պահելու որեւէ ջանք չի խնայի, սա փաստ է։

– Իսկ ձեր հաշվարկներով՝ որքա՞ն կտեւի այս գործընթացը։

– Երկար չի տեւի․․․ Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ շատ ժամանակ չունենք։ Նիկոլը Հայաստանում չի ունենա իշխանություն կամ հեռացումով, կամ Հայաստանի Հանրապետության վերջը տալով։ Մենք ամեն գնով պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ լինի, Նիկոլ Փաշինյան չլինի։ Մեր քաղաքացիների իրավացի զայրույթը եւ օբյեկտիվ գնահատումներն ավելանում են եւ ստեղծում այն իրավիճակը, որ ստեղծվի օր առաջ իշխանությունների հեռացման հարցը։ Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան․ սա է իրավիճակը, եւ ժամանակը մոտեցել է։

– Համարենք, որ Փաշինյանը գնաց, ինչպե՞ս է լուծվելու հաջորդ իշխանության հարցը։ Համաձայն ՀՀ օրենսդրության, նոր վարչապետն ընտրվում է խորհրդարանի կողմից, ընդդիմությունը պնդելու է իր թեկնածուի՞ն, թե՞, ասենք, ընդունելի է Նիկոլի հեռացումից հետո ՔՊ-ից այլ թեկնածուի առաջադրումը վարչապետի պաշտոնում։

– Ես կարող եմ Ձեր հարցին պատասխանել, բայց նպատակահարմար չեմ գտնում այս զրույցն այս հարցով եզրափակել։ Մեզ համար ամենակարեւոր խնդիրն այս իշխանության հեռացումն է, սրանով ամեն ինչ ասված է։ Այսօրվա իշխանությունը մեկ անձի իշխանություն է՝ իր բոլոր կործանարար հետեւանքներով։