Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը tert.am-ին տված հարցազրույցում ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Նշելով, թե հիմնահարցի կարգավորման բանալին գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռքերում, և նրանք պետք է հաճախակի հանդիպեն բանակցություններում առաջընթաց ապահովելու համար, Ուորլիքն ավելացրել է. «Մենք աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համար համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունը, կբարելավեն երկխոսության մթնոլորտը»։
Հայտնի է, որ առ այսօր ԼՂ հարցով նախագահներից ցածր մակարդակով բանակցություններ վարվել են բացառապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Հատկապես վերջին շրջանում դրանք ուղղված են եղել ոչ թե համապարփակ կարգավորման տարրերին, այլ նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նախապատրաստությանը: Լավագույն դեպքում, համենայն դեպս դատելով այդ հանդիպումներին հաջորդած հրապարակային հայտարարություններից, արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությունը նվազեցնելու և միջնորդների կողմից ներկայացվող՝ սահմանային միջադեպերի հետաքննության և խաղաղության ապահովման մեխանիզմների ներդրման առաջարկները: Դժվար է հավատալ, որ Ուորլիքը «նախագահներից ցածր մակարդակով» բառակապակցության ներքո նկատի է առնում հենց արտգործնախարարներին: Որովհետև նրանց հանդիպումներն անգամ մեկ նշույլով չէին կարող նպաստել փոխադարձ վստահությանը, լարվածության նվազմանը և կարգավորման շուրջ երկխոսության մթոլորտի ձևավորմանը՝ հաշվի առնելով թեկուզ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից նախորդ տարեվերջին հնչեցրած ռազմաշունչ, Հայաստանի հասցեին սպառնալիքներով հագեցած ելույթը:
Հարց է առաջանում` այդ դեպքում ի՞նչ գործընթաց նկատի ունի ամերիկացի համանախագահը «նախագահներից ցածր մակարդակով» ընթացող բանակցություններ ասելով, այդ ի՞նչ շրջանակներ և կոնկրետ ովքե՞ր են, որ ԼՂ հարցում բանակցություններ են վարում, և որ ավելի կարևոր է՝ ո՞վ է այդ շրջանակներին տվել նման բանակցություններ վարելու մանդատ:
Ըստ էության՝ Ուորլիքը չափազանց կարևոր և տարօրինակ նորություն է հայտնում, որը պաշտոնական պարզաբանումների անհրաժեշտություն է առաջացնում: Որովհետև ստացվում է, որ ՄԽ ձևաչափին զուգահեռ կամ դրա ենթակայությամբ ընթանում են ինչ-որ գաղտնի բանակցություններ, որոնց մասին լայն հասարակությունն առ այսօր գաղափար անգամ չի ունեցել: Եթե սա զուտ թյուրիմացություն է, ապա Երևանն առաջինը պետք է շահագրգռված լինի դրդել ԱՄՆ համանախագահողին՝ հերքել այն, որովհետև դա առաջին հերթին հենց հայկական կողմի համար է խնդիրներ ստեղծում:
Բանն այն է, որ այլ ձևաչափով բանակցություններ անցկացնելու հարցը նոր չի դրվել Վաշինգտոնի կողմից: Դեռևս 2014թ. սեպտեմբերին Ուելսում Վաշինգտոնի նախաձեռնությամբ կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո պաշտոնական Բաքվից տեղեկատվություն տարածվեց, թե հանդիպման ընթացքում Ալիևն ու Սարգսյանը կարևորել են խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: Դրանից առաջ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հայտարարել էր բանակցությունները մեկ այլ մակարդակ տեղափոխելու անհրաժեշտության մասին: Իսկ արդեն հակտեմբերին նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին, երբ համանախագահները հերթական այցով ժամանել էին տարածաշրջան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե հնարավոր է, որ շուտով Հայաստանն ու Ադրբեջանը փորձագետների մակարդակով բանակցություններ սկսեն խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման շուրջ՝ առկախված թողնելով էական տարաձայնությունները կարգավորման սկզբունքների շուրջ: Ճիշտ է, Մամեդյարովի այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հերքող մեկնաբանությունը, սակայն դրանից չէր հետևում, թե Երևանը հերքում է համանախագահների կողմից փորձագետների մակարդակով զուգահեռ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ առաջարկ արված լինելու հանգամանքը:
Արդյո՞ք Ուորլիքի այսօրվա հայտարարությունը չի խոսում այն մասին, որ, չնայած Երևանի` երկու տարի շարունակ արվող հերքումներին, նման բանակցություններ արդեն իսկ տեղի են ունենում, կամ գոնե Հայաստանը տվել է դրա համաձայնությունը: Հարցը ինքնին նման բանակցությունները չեն: Հարցն այն է, որ առ այսօր Երևանը համառորեն պնդում էր, որ նախ` հնարավոր չէ անցնել խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը՝ առանց հիմնական սկզբունքները համաձայնեցնելու, այսինքն` առանց ԼՂ հետագա կարգավիճակի որոշման հարցը վերջնականապես համաձայնեցնելու և երկրորդ` որ Հայաստանը երբեք դրան չի գնա` առանց բանակցություններում ԼՂՀ-ի լիարժեք ներգրավման: Արդյո՞ք Ուորլիքի հայտարարությունը վկայում է, որ Երևանն այս հարցում գնացել է որոշակի զիջումների: Այս հարցի պատասխանը պետք է ու թերևս պարտավոր է տալ ՀՀ արտգործնախարարությունը:
Գուցե զուտ պատահական համընկնում է, սակայն հետաքրքրական է, որ Ուորլիքի այս հայտարարությունը հաջորդում է Շվեյցարիայում դեկտեմբերին 18-ին կայացած Ալիև-Սարգսյան բանակցություններին, որից հետո, չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքներին, թե 2016-ը բանակն սկսելու է «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով, հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը, դեկտեմբերի առաջին կեսի և նախորդ տարեսկզբի համեմատությամբ, զգալիորեն թուլացել է, և հարաբերական կայունությունը հիմնականում պահպանվում է: Գուցե դա պայմանավորված է ներադրբեջանական սոցիալ-քաղաքական սրացող խնդիրներով: Սակայն Ուորլիքի հայտարարության ֆոնին հարաբերական անդորրի ռեժիմի վերականգնումը ձեռք է բերում նոր իմաստ և առնվազն թույլ տալիս ենթադրելու, թե գուցե Ադրբեջանը հենց այս հարցում Երևանի համաձայնությունն ստանալու պատճառո՞վ է թուլացրել ճնշումը շփման գծում: Համենայն դեպս, պաշտոնական Երևանն ակնհայտորեն ասելիք ունի...
Գևորգ Դարբինյան