Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
- Պարո՛ն Շարմազանով, ո՞րը կարող եք համարել 2015-ի ձեռքբերումը:
- Անձնական կյանքում ձեռքբերում կարող եմ համարել այն, որ երեխաներս շարունակում են նորմալ սովորել` խաղաղ, առօրյա մթնոլորտում: Ձեռքբերում կարող եմ համարել այն, որ բոլոր հարազատներս առողջ են: Իսկ գործնական կյանքում կարևոր էր մարտի 24-ին հույների ու ասորիների ցեղասպանության ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից: Այդ նախագծի համահեղինակն ու հիմնական զեկուցողը ես էի: Այդ գործը մենք սկսել ենք հինգ տարի առաջ` երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ , և ինձ համար շատ կարևոր էր, որ այդ օրինագիծը անցնի ու անցնի միաձայն: Մենք աշխատեցինք հիմնականում ՀՅԴ խմբակցության հետ, այդ նախաձեռնության տակ ստորագրեցին բոլոր խմբակցությունները, և այն 115 «կողմ»-ով անցավ: Սա շատ կարևոր էր ինձ համար, ես հպարտ եմ, որ ունեմ հունական արմատներ: Ես 100 տոկոսով հայ եմ և 100 տոկոսով` հույն: Շատ կարևոր է, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտեց նաև հույների ու ասորիների ցեղասպանությունը: Նաև կարևոր էր իմ փոքրիկ լուման Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ներգրավված այն բարեկամական խմբերի մեջ, որոնք ես էի ղեկավարում այդ պետություններում մեր գործընկեր պատգամավորների հետ. ցեղասպանության թանգարանների հետ կարողացանք կազմակերպել 100-րդ տարելիցի ցուցանմուշների ցուցահանդես: Ցեղասպանության դատապարտման բանաձևով հանդես եկան Չեխիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիտվան. Լատվիան ու Էստոնիան:
-Տարվա կորուստը:
-Սահմանին մեր տղաների ու սահմանամերձ համայնքների մեր բնակիչների շրջանում ունեցանք զոհեր, դա ամենամեծ կորուստն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուր հայ մարդ: Նրանք զոհվեցին Մամիկոնյանների անմահությամբ` հանուն հայրենիքի նահատակվելով: Այդ կորուստները մեզ ավելի պետք է սթափեցնեն, և պետք է շարունակենք աշխատել` ամենքս մեր տեղում : Իրար պետք է շատ սիրենք ու բարություն շատ քարոզենք:
-Սպասելիքը 2016-ից:
-Առաջին հերթին խաղաղություն, երկրորդը` անվտանգության ամրապնդում. դա շատ կարևոր է, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Երկրորդը` մենք արդեն անցել ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և ԱԺ-ն պետք է նոր Ընտրական օրենսգիրք ընդունի, որը պետք է համապատասխանեցնենք Սահմանադրությանը: Սա շատ կարևոր է , և այստեղ անելիք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները:
-2015-ի Տարվա կինը:
-Տարվա կին են այն կանայք, որոնց տղաներն այսօր սահմանին պաշտպանում են մեզ: Այն մայրը, որը մեզ զինվոր է տալիս, հենց նա է Տարվա կինը: Ես հիշում եմ, երբ հերոս Ազատը մահացավ հակառակորդի դիվերսիայի ժամանակ, նրա մայրը խոստացավ նոր Ազատ լույս աշխարհ բերել: Եվ նա լույս աշխարհ բերեց նոր Ազատ: Այ, հենց այդ կերպարն է ինձ համար դառնում Տարվա կին: Ինչպես Նժդեհը կասեր` առյուծածին մայրը, որը նուրբ է ու քնքշանքով լի, բայց, միևնույն ժամանակ, այնպիսի ոգի ունի, որ կարողանում է այդ ոգով դաստիարակել առյուծ որդիներ, որոնց շնորհիվ է, որ Հայաստանը եղել է, կա ու կլինի:
-2015-ի ամենահաջող քաղաքական գործիչը:
-Չեմ կարող իմ կոլեգաների շրջանում առանձնացնել ամենահաջողներին: Ընդհանուր առմամբ, ինձ համար հաջող է այն քաղաքական գործիչը, ով խաղաղություն ու արդարություն է քարոզում: Իսկ նրանք, ովքեր ստորություն են քարոզում, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, օդանավ են խոցում, դրանք ամենաանհաջողներն են: Հաստատ մեր որոշ հարևաններ հաջող չեն` ո’չ Թուրքիան, ո’չ էլ Ադրբեջանը:
-2015-ի ամենաանհաջող քաղաքական գործիչը:
-Էրդողանը, Դավութօղլուն, Ալիևը:Նրանք, ովքեր դարձել են իրենց գաղափարախոսության գերին:
-2015-ի հայաստանյան ամենատպավորիչ իրադարձությունը:
- Երկու կարևոր իրադարձություն կարող եմ առանձնացնել. մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումն էր, որոնք կազմակերպվեցին բարձր մակարդակով: Մենք ապացուցեցինք, որ հայը վերածնվեց, որ հայը ծնկի չի իջել, և 100 տարի անց մենք ապրում ենք, արարում և հզոր ենք, աշխարհը լսում է մեր ձայնը, մենք հիշում ու պահանջում ենք, և որ ամենակարևորն է` կեղծ գալիպոլիները չստացվեցին: Նրանք այնքան էին շփոթվել, որ ուղիղ եթերում Ծիծեռնակաբերդն էին ցուցադրում: Եվ մյուս կարևոր իրադարձությունը` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Գուցե մենք հիմա տաք ենք ու չենք կարողանում գնահատական տալ դրան, բայց դա պատմական իրադարձություն է Հայաստանի համար ու շանս` պետության ծառը ուղիղ պահելու համար:
-2015-ին աշխարհում ի՞նչ փոխվեց:
-2015-ին աշխարհը դարձավ սև ու սպիտակ: Գնալով քչանում է մանևրելու տեղը, և դժբախտաբար, աշխարհը գնում է առճակատման: Հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի: 2014-ին վտանգները ավելի քիչ էին, քան 2015-ին: 2015-ին վտանգները ավելի տեսանելի են դարձել, և իմ սպասելիքն է, որ 2016-ին առողջ բանականությունը հաղթի, ու բոլոր խնդիրները լուծվեն բանակցությունների միջոցով: Դրանց մեջ են մտնում թե՛ ԼՂ կարգավորման խնդիրը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունները, թե՛ Ուկրաինայի ճգնաժամը:
-Հիմա` մի քիչ հումոր. այծի /2015-ը այծի տարի էր/ ամենացավոտ պոզահարումը` Ձեզ:
- Տենց ցավոտ -մավոտ չի եղել, խուտուտ են տվել:
-Իսկ երկրի՞ն:
-Կրակոցները և սահմանային լարվածությունը:
-Ի՞նչ մկկաց այծը Ձեր ականջին հրաժեշտից առաջ:
-Հուշեց, որ ազնիվ աշխատենք, բարի լինենք, հարգենք միմյանց, մեր սխալները տեսնենք:
-Անցնենք կապիկներին` կապիկն ու կապիկությունը տարբե՞ր բաներ են:
-Տարբեր բաներ են, թե` չէ, չգիտեմ, բայց ես հորոսկոպներին չեմ հավատում: Ես գտնում եմ, որ դա նախ մեր ազգայինը չէ, մեր ազգայինը Առաքելական տոնացույցն է: Կապ չունի` ինչի տարի է, կարևորն այն է, որ մենք լինենք հայ քրիստոնյա մարդ:
-Համաձա՞յն եք տեսությանը, որ մարդիկ առաջացել են կապիկներից:
-Դա տգիտություն է: Մարդիկ առաջացել են մեր Տիրոջից:
-Կապիկություն անելը մարդի՞կ են կապիկներից սովորել, թե՞ կապիկները մարդկանցից:
-Ես մարդկանց մասին շատ ավելի բարձր կարծիք ունեմ:
-Կապիկի դերն ու նշանակությունը հայ քաղաքականության պատմության մեջ:
-Առհասարակ, չկա:
-Քաղաքականության մեջ կապիկությունը արհե՞ստ է, թե՞ արվեստ:
-Քաղաքականության մեջ կապիկություն չկա: Բոլոր իմ գործընկերներին, որոնք անցնում են կոռեկտության սահմանը, անգամ նրանց կապիկի չեմ նմանեցնում: