կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 18:14
Առանց Կատեգորիա

Հայաստանի ռուսական հակաօդային «հովանոցը». ռիսկեր և շանսեր

Հայաստանի ռուսական հակաօդային «հովանոցը». ռիսկեր և շանսեր

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն Մոսկվայում երեկ ստորագրեցին Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այն ուղղված է երկու երկրների օդային տարածքների պաշտպանությանը, նաև` օդատիեզերական հարձակումների դեպքում, օդային եւ հրթիռային հարձակումների մասին փոխտեղեկացման մեխանիզմների ստեղծմանը, անհրաժեշտության դեպքում՝ ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացմանը:

Նման համակարգ գործել է նաև մինչև այս համաձայնագրի ստորագրումը՝ սկսած 2000թ.-ից: Սակայն այն սահմանափակվում էր միայն Հայաստանում համատեղ մարտական հերթապահության իրականացմամբ: Մինչ այս հայկական և ռուսական ՀՕՊ միջոցները կառավարվում էին փաստացի երկու կենտրոնից՝ Երևանից և ՌԴ Հարավկովկասյան ռազմական օկրուգից, ինչը խնդիրներ էր հարուցում օպերատիվ որոշումների կայացման և համակարգի ընդհանուր կառավարելիության ապահովման առումով:

Դեռ այս նոյեմբերին «Հայ զինվոր» թերթին տված պարզաբանումներում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը և ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը նշել էին նոր համաձայնագրի հիմնական առանձնահատկությունները: Ըստ նրանց` Հայաստանը դառնում է Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ առանձին շրջան: Ի տարբերություն նախկինի, նոր ստեղծվող ընդհանուր ՀՕՊ համակարգն ուղղված է լինելու նաև պատերազմական խնդիրների լուծմանը: Այսինքն` Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում ՀՀ ԶՈՒ-ն իրավունք է ստանում օգտագործելու Հայաստանի տարածքում տեղակայված բոլոր, այդ թվում` նաև 102-րդ ռազմակայանի բալանսում գտնվող ուժերն ու միջոցները՝ ընդհուպ 4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչները, Ս-300 զենիթա- հրթիռային համակարգը: Հայաստանը հնարավորություն է ունենալու նաև օգտվել ռադիոտեղորոշիչ, տիեզերական հետախուզական համակարգերի տված հնարավորություններից: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի տարածքում մարտական գործողություններ ծավալվելու դեպքում ՀՕՊ ողջ արսենալը կիրառելու, կառավարելու որոշումն ընդունելու է հայկական կողմը:

Ակնհայտ է, որ Կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումն էականորեն բարձրացնում է Հայաստանի պաշտպանունակությունը. ոչ միայն հստակ սահմանվում է ռուսական 102-րդ ռազմակայանի ռեսուրսներն օգտագործելու, տիեզերական հետախուզական համակարգերի տվյալներից օգտվելու հայկական կողմի իրավունքը, այլև մեծանում են օդային ներխուժման կամ հրթիռային հարձակման սպառնալիքի դեպքում ընդհանուր այդ համակարգերից օգտվելու առումով օպերատիվ և սուվերեն որոշումներ կայացնելու հնարավորությունները: Բայց այն հանգամանքը, որ համաձայնագիրը ստորագրվում է ռուսական ռազմական ինքնաթիռը թուրքական ՌՕՈՒ-ի կողմից խոցվելուց հետո սկսված` ռուս-թուրքական առճակատման ֆոնին, տպավորություն է ստեղծում, որ այս նախաձեռնությունն ուղղված է Թուրքիայի դեմ:

Համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու որոշումն իրականում գալիս է 2009-ից, իսկ ՌԴ կառավարությունն այս համաձայնագիրը հավանության էր արժանացրել դեռևս այս տարվա հոկտեմբերին, երբ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում էին բավական բարձր մակարդակի վրա: Իրականում Մոսկվան Երևանի հետ ՀՕՊ ընդհանուր համակարգ ստեղծելու որոշումը կայացրել էր` ի պատասխան Ռուսաստանի արևմտյան և հարավարևմտյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով ՆԱՏՕ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման: Թուրքիան նախնական շրջանում դրա հետ առնչություն ուներ այնքանով միայն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է:

Ռուս-թուրքական լարվածության պայմաններում այսօր արդեն Մոսկվայում չեն թաքցնում, որ համաձայնագրի ստորագրումն ուղղված է հենց Թուրքիայի դեմ: Այս համատեքստում ստորագրելով  այս համաձայնագիրը` Հայաստանը, փաստորեն, վերահաստատում է  այդ հակամարտության լիարժեք կողմ դառնալու իրողությունը: Բացի այն, որ, փաստորեն, կովկասյան տարածաշրջանային այդ համակարգի կառավարումն իրականացվելու է Հյաաստանի տարածքից, նաև ՀՀ-ին է վերապահվել կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու լիազորությունը: Սա նշանակում է մտնել լիարժեք պատասխանատվության դաշտ, որովհետև եթե այս ճակատում ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ուղղությամբ կրակոց արձակվի, ապա, փաստորեն, արձակվելու է Հայաստանից և Հայաստանի ձեռքերով, ինչը նշանակում է ուղղակի վերածվել պոտենցիալ թիրախի: Սա չափազանց մեծ ռիսկ է Հայաստանի համար մի պարագայում, երբ ակնհայտ է, որ այստեղ ռուսական ռազմական ներկայացվածությունը չափազանց փոքր կամ սիմվոլիկ է՝ պաշտպանություն կազմակերպելու համար:

Պետք է ենթադրել, որ հենց այդ ռիսկին գնալու դիմաց է հայկական կողմը հասել նրան, որ իրավական հիմք է ստեղծել ադրբեջանական օդային ագրեսիայի դեպքում ինքնուրույն ռուսական ռազմաբազայի ՀՕՊ ռեսուրսներից օգտվելու համար: Ողջ հարցն այն է, թե որքանո՞վ է Ադրբեջանից օդային ներխուժման, հրթիռային սպառնալիքի դեպքում ռուսական կողմն իրականում ՀՀ ԶՈՒ-ին թույլ տալու օգտվել այդ իրավունքից: Չի՞ պահանջելու, արդյոք, նախքան միջոցներ ձեռնարկելը թույլտվություն ստանալ Մոսկվայից:

Մյուս կողմից` ակնհայտ է, որ այս ընդհանուր տարածաշրջանային ՀՕՊ համակարգը «հովանոցի» տակ է առնելու Հայաստանի օդային տարածքը, բայց ոչ` ԼՂՀ-ինը: Այդ իրողությունը «Մեդիամաքս»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսի ռազմական գործողությունները, նա պատասխանել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր` կասկածի տակ առնելու ԼՂՀ ՊԲ-ի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»: Սա նշանակում է, որ այս համակարգից ԼՂՀ-ն օգտվելու է միջնորդավորված ՝ ռադիոլոկացիոն, տիեզերական հսկողության այդ համակարգի միջոցով ձեռք բերվող հետախուզական տվյալների` Հայաստանից ԼՂՀ օպերատիվ փոխանցման տեսքով: Բայց դրա փոխարեն միասնական այս ՀՕՊ համակարգի միջոցով Հայաստանի օդային տարածքի անվտանգության ապահովումը հնարավորություն կտա հայկական ՀՕՊ ռեսուրսների մեծ մասը կենտրոնացնել ԼՂՀ-ի օդային պաշտպանության վրա: Սա էական է նա այն պատճառով, որ միասնական ՀՕՊ համակարգը, կենսունակ լինելու դեպքում, ստիպելու է Ադրբեջանին` ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ ոտնձգությունից և թիրախավորել այդ համակարգից դուրս գտնվող ԼՂ-ին:

Գևորգ Դարբինյան