կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 18:50
Առանց Կատեգորիա

Մինչև երբ է լռելու հայկական «պատժիչ սուրը»

Մինչև երբ է լռելու հայկական «պատժիչ սուրը»

ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ անցած հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 280 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց՝ արդեն սովորական դարձած` 60, 82, 120 մմ-ոց ականանետներից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետներից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միակ հուսադրողը պահն այն է, որ այդ ընթացքում հայկական կողմը մարդկային կորուստներ չի ունեցել:

Բայց, անկախ այդ հանգամանքից, ակնհայտ է, որ Ադրբեջանը հակամարտության գոտում հաստատել է, այսպես կոչված, «հրադադար պատերազմի միջոցով» նոր իրավիճակ և հասել նրան, որ անգամ երդվյալ լավատեսները Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված համարել չեն կարող: Կարելի է դրա համար լուրջ կամ անլուրջ հազար ու մեկ պատճառաբանություն ներկայացնել: Մեկ բան ակնհայտ է` Ադրբեջանի այս գործողությունները հստակ և հետևողական քաղաքականության մաս են: Բաքուն գիտի` ինչ է անում և հանուն ինչի` դրա համար բացարձակապես չհարցնելով որևէ մեկի կարծիքը: Ավելին` եթե ԼՂ հիմնահարցի շրջանակներում ինչ-որ բան է արվում, ապա արվում է բացառապես Ադրբեջանի կողմից:

Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Ստեղծված փաստացի նոր կիսապատերազմական վիճակում ինչի՞ն է այն միտված: Սեպտեմբերին, երբ Ադրբեջանը, հրետակոծության ենթարկեց ԼՂ-ում զորավարժարանը և Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը, որոնց հետևանքով զոհեր ունեցանք թե՛ զինվորականության և թե՛ խաղաղ բնակչության շրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլ ընտրություն չի մնալու, քան «անհրաժեշտ ռազմաքաղաքական և իրավական քայլեր իրականացնելը»: Դրանից առաջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի այս ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ «ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»: Այս հայտարարությունները տպավորություն ստեղծեցին, թե Հայաստանը վերջապես հստակեցրել է Բաքվի ուժգնացող ագրեսիան զսպելու, ավելին՝ թե\' ռազմական և թե\' դիվանագիտական ոլորտներում նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելու եղանակները: Առավել ևս, որ հայտարարություններին հաջորդեց հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացումը՝ համոզիչ դարձնելով իրավիճակում բեկում մտցնելու` Երևանի այդ պահի վճռականությունը:

Սակայն դրանից հետո ամեն ինչ ընկավ նախկին հունի մեջ: Դեկտեմբերի 9-ին, երբ հակառակորդը տանկեր կիրառեց՝ անցնելով լայնածավալ պատերազմի գնալու հերթական հոգեբանական արգելքը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ԼՂ-ում լարվածությունը հասել է գագաթնակետին: Դա նշանակում էր, որ օպերատիվ իրավիճակը ՊՆ-ն գնահատում է ավելի վտանգավոր, քան նույնիսկ սեպտեմբերին էր: Ու, չնայած դրան, Երևանից հնչող ազդակներն այնքան զգուշավոր էին, կարծես տանկեր կիրառողը հայկական կողմն է եղել ու հիմա չի ցանկանում դառնալ միջազգային հանրության քննադատության թիրախը:

Երևանի ուղեգծում առայժմ միակ տեսանելի կամ հստակ բանը Ադրբեջանի թելադրած խաղի այս նոր կանոններին, նոր իրավիճակին հարմարվելն է: Իշխանությունը թե\' ինքն իրեն և թե\', հատկապես, հասարակությանը շարունակում է սփոփել նրանով, որ որքան էլ Ադրբեջանը մեծացնի լարվածությունը, որքան էլ ընդլայնի կիրառվող զինատեսակների քանակն ու տեսականին, միևնույն է՝ լայնամասշտաբ պատերազմի չի գնա: Այս թեզն այնպիսի ինտենսիվությամբ է տարածվում, որ թվում է՝ եթե վաղը, Աստված մի արասցե, հակառակորդը սկսի հերթով գործողության մեջ դնել նաև ռազմական ավիացիա, հետո էլ ռեակտիվ հռթիռահրետանային համակարգեր, պաշտոնական պրոպագանդան և դրան կցված ռազմագետների ու քաղաքագետների փաղանգը նույն կերպ շարունակելու է հանգստացնել, թե ծավալուն պատերազմի մասին չարժե խոսել: Ոչինչ, որ հակառակորդի դիպուկահարների կրակոցներից կամ արձակած արկերի բեկորներից կորուստները ցավալիորեն ավելանում են. դե պատերազմ է, բա ի՞նչ եք ուզում:

Մինչդեռ` հարց է առաջանում ՝ որտե՞ղ են այն ռազմաքաղաքական, դիվանագիտական գործողությունները, որոնց մասին խոսվում էր ընդամենը երեք ամիս առաջ: Էլ ինչքա՞ն պետք է Ադրբեջանը բարձրացնի լարվածության մակարդակը, որ վերջապես Հայաստանի դիվանագիտությունն սկսի գործել, կամ Հայաստանի հասարակությունը տեսնի, որ, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին հավատարմություն հայտնելու՝ արտգործնախարար Նալբանդյանի՝ արդեն հոգնեցրած հավաստիացումներից, ստորացուցիչ հարմարվողականությունից, այս ուղղությամբ հետևողականորեն, կարճաժամկետ ու երկարաժամկետ հստակ նպատակների միտված քայլեր են արվում: Իսկ եթե այդ քայլերն արվում են, ապա ինչո՞ւ դրանք օգուտ չեն տալիս: Ի վերջո, որպես ստեղծված իրավիճակը փոխելու միջոց, Ադրբեջանին խաղաղություն, ընդհուպ` նոր ստատուս քվո պարտադրելու մասին նման պաթոսով ոչ թե հասարակությունը կամ լրագրողներն են խոսել, այլ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Յուրաքանչյուր անգամ զոհ ունենալու մասին տեղեկատվությունը ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն պարտադիր զուգակցում են հակառակորդին պատժելու մասին հավաստիացումներով: Բայց, բացի այդ հավաստիացումներից, հասարակությունը դրանք հաստատող ոչ մի գործողություն չի տեսնում: Փոխարենը հանրությունը կերակրվում է դեռ սեպտեմբերին իրականացված գործողությունների մասին միայն հիմա հրապարակվող տեսանյութերով: Եթե դրանց նպատակը զոհեր ունենալու և դրա համարժեք չպատասխանելու իրողության բացահայտում թույլ չտալը չէ, ինչո՞ւ գոնե այդ տեսանյութերը հրապարակելուց առաջ պատշաճ չի իրազեկվում, որ դրանք եռամսյա վաղեմություն ունեն: Մի՞թե ակնհայտ չէ, որ ոչ միայն նմանատիպ մանիպուլյացիաներով ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել, այլև` որ դրանով վտանգվում է հասարակության վստահությունը թե\' այդ պատասխանատու հայտարարությունների և թե\' հայտարարողների նկատմամբ:    

Գևորգ Աղաբաբյան