կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 12:57
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը հիշեց Չերչիլի խոսքերը

Հովիկ Աբրահամյանը հիշեց Չերչիլի խոսքերը

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստում քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով կառավարության իրականացրած գործողություններին` նա նշեց, որ հաճախ հարցեր է լսում` ուղղված կառավարությանը, թե ինչո՞ւ լիարժեք չեն օգտվում ռուսական շուկայում ստեղծված` արտահանման նոր հնարավորություններից, և ինչո՞ւ Հայաստանից արտահանումը դեպի ռուսական շուկա չի ավելանում:

«Չպետք է մոռանալ, որ կառավարությունը չէ, որ արտահանում է իրականացնում: Դա մասնավորի գործառույթն է, իսկ կառավարության խնդիրն է ստեղծել անհրաժեշտ գործիքներ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, աշխատել հայրենական արտադրողի հետ, և մենք դա անում ենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ խնդրելով ընդունել մեկ այլ իրողություն, որ նոր հնարավորությունների ստեղծման պահին արտադրողները չունեին բավարար ներուժ, պատրաստ չէին արագ արձագանքել և ապահովել արտադրանքի ծավալների մեծացումը:

Ըստ վարչապետի` պետք է խելամիտ ժամանակահատվածում փոխել արտադրանքի տեսականին և գնային քաղաքականությունը՝ լինի գյուղմթերք, թե` արդյունաբերական արտադրանք: Նաև չպետք է սպասել ակնթարթային հաջողությունների: «Այդ հաջողությունները կգան, և մենք, ձեռք ձեռքի տված, կսովորենք, միմյանց օգնելով, շարժվել ժամանակի պահանջներին համահունչ»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է կառավարության իրականացրած խթանող գործողություններին` նա մատնանշեց ՏՏ ոլորտում օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ոլորտի նոր ստեղծվող ձեռնարկություններին արտոնություններ է տրամադրում, և արդյունքը շոշափելի է եղել, որովհետև այս տարի «Դիջիտեք»-ի ամենամյա ցուցահանդեսի ժամանակ նորաստեղծ 30 ձեռնարկություն ցուցադրել է իր աշխատանքները: Ըստ վարչապետի` դա ոգևորել է կառավարությանը, և սկսել են քննարկել նոր` երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը, որը կարող է ազգային ծրագիր դառնալ:

Սոցիալական ապահովության ոլորտում կառավարության գործողությունների վերաբերյալ նա նշեց, որ կառավարությունը կատարել է իր խոստումները, նաև լրացուցիչ պարտավորություններ ստանձնել՝ ներդնելով, օրինակ,  չաշխատող մայրերին նպաստ տալու մասին օրենքը:

Եկող տարվա համար կառավարությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր, դրանք են` տնտեսության հեռանկարային զարգացման վերանայումը մինչև 2025-ը, էներգետիկ զարգացման ռազմավարության մշակումը մինչև 2036-ը, հարկային նոր օրենսգրքի ընդունումը՝ երկարաժամկետ աճի խթանման ուղենիշով:

«Մի առիթով Ուինսթոն Չերչիլը ասել է. «Յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագրեր, բայց` մեկ պայմանով՝ եթե ինքը չէ այդ ծրագրերն իրականացնողն ու դրանց պատասխանատուն»: Այս խոսքերը ես հիշեցի, երբ բյուջեն ներկայացնելուց հետո այն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում, երբ հնչում էին գնահատականներ, թե կարելի էր ավելի հավակնոտ բյուջեի նախագիծ ներկայացնել, ավելի մեծ տնտեսական աճի ցուցանիշ հրապարակել»,- ասաց վարչապետը:

Նա պատրաստակամություն հայտնեց քննարկել բոլոր քաղաքական ուժերի շահագրգիռ առաջարկները, հորդորեց ընդդիմությանը` լինել սուր, բայց` կառուցողական:

Ամփոփելով խոսքը` Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը, ինչպես նաև այն իրականություն դարձնելու քաղաքական կամք: «Վստահ եմ, որ միասին կկառուցենք ու կշենացնենք մեր երկիրը»,- ասաց նա: