կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 16:02
Քաղաքական

Քննարկվում է շրջանային կառավարմանն անցնելու տարբերակը

Քննարկվում է շրջանային կառավարմանն անցնելու տարբերակը

Օրերս Գեղարքունիքի մարզի ընտրողները ՀՅԴ ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե նոր Սահմանադրությամբ ինչպիսի՞ն է լինելու տարածքային կառավարման մոդելը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Սահմանադրության մեջ տարածքային կառավարմանը մեծ տեղ հատկացված չէ, քանի որ դա այլ օրենսդրական ակտերով է կարգավորվում: Պատգամավորը հայտնեց, որ Դաշնակցությունն այսօր աշխատում է տարածքային կառավարմանը վերաբերող նոր մոդելի վրա:

«Մտածում ենք` ինչպե՞ս անել, որ տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ լինի: Մեր նախնական տեսակետն այն է, որ Հայաստանը պետք է անցնի շրջանային կառավարման: Մտածում ենք` Հաայստանում 25 շրջան լինի, որոնք կունենան իրենց ընդհանուր տրամաբանությունը, տնտեսական ընդհանրությունը, աշխատաշուկան և այլն: Մեր կարծիքով` շրջանների ղեկավարությունը պետք է ընտրվի ժողովրդի կողմից` համամասնական ընտրակարգով»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ նախկինում գրված էր, որ համայնքապետերն ընտրվում են ուղղակի ընտրությամբ, հիմա իրենք մտածում են նոր մոդելի մասին: «Բացառված չէ, որ շրջանային ղեկավարությունն ընտրովի լինի, իսկ համայնքապետերը նշանակվեն և հաշվետու լինեն ժողովրդին»,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ շրջանների ղեկավարների նշանակումը հնարավորություն կտա խուսափելու համայնքապետերի ընտրությունների ժամանակ համայնքներում ընտանիքների միջև թշնամանքից և վեճերից: «Մեր պատկերացմամբ` մարզպետարաններ չպետք է լինեն: Պետք է, օրինակ, 5 շրջաններ միավորի մի փոքր աշխատակազմ, որը կդառնա տվյալ շրջանի և կառավարության միջև կապող օղակ: Մենք այսօր 930 համայնք ունենք, որն արդյունավետ կառավարման տեսակետից աբսուրդ է: Նշենք, որ, օրինակ, Լիտվայում, որը Հայաստանից մեծ տարածք ունի և համեմատաբար ավելի մեծ բնակչություն, ընդամենը տեղական ինքնակառավարման 60 մարմին կա»,- ասաց նա: