կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 13:10
Քաղաքական

Ի վերջո, միասին հաջողություն կարձանագրենք Աֆղանստանում խաղաղության հաստատման գործում. Էդվարդ Նալբանդյան

Ի վերջո, միասին հաջողություն կարձանագրենք Աֆղանստանում խաղաղության հաստատման գործում. Էդվարդ Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Վճռական աջակցություն» առաքելության նախարարական հանդիպմանը.

«Պարոն Գլխավոր քարտուղար,
Մեծարգո գործընկերներ,

«Վճռական աջակցություն» առաքելության մեկնարկից գրեթե մեկ տարի անց իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, պահպանվում են մարտահրավերները, իսկ կարողությունների բացը դեռ պետք է լրացնել: Աֆղանստանի ժողովուրդը շարունակում է զգալ մեր աջակցության կարիքը:

Պարոն Նախագահ,

Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարևոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Մենք համոզված ենք, որ դա նաև կարևոր փորձաքար է միջազգային կարողությունների տեսանկյունից՝ մարտահրավերները պատշաճ կերպով դիմագրավելու և լուծումներ գտնելու այն իրավիճակների համար, որոնք ունեն համընդհանուր նշանակություն: Հետևաբար, մեր առաքելության իրականացումը կհանդիսանա միասնական վճռականության և հաստատակամության լուրջ ազդակ՝ հանձնառություններ ստանձնելու և փորձելու լուծումներ գտնել անգամ ամենաբարդ խնդիրների համար:

Անվտանգության սպառնալիքները ոչ միայն Աֆղանստանում, այլև անգամ այնպիսի վայրերում, որոնք մենք չէինք էլ կարող նախկինում պատկերացնել, բացահայտ ցույց է տալիս, որ մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով կամ իրավիճակով, այլ խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք:

Այս ըմբռնումով էր, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանն սկսեց իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում՝ սկսելով Կոսովոյից և ապա շարունակելով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով օգնականը վերջերս հայտարարեց, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և նրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների տեսանկյունից»: Հիրավի, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունն, ըստ էության, կապակցված է մյուսների հետ: Եվ նույնիսկ մեր սահմաններին առկա լարվածությունը երբեք չթուլացրեց վճռականությունը՝ մեր ներդրումը բերելու աշխարհում խաղաղության ամրապնդման գործում:

Պարոն Նախագահ,

Հայկական զորախումբը 2016թ. ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տևական գործընկերություն» առաքելության մեջ, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Մենք նաև կշարունակենք մեր աջակցությունը Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին, բարիդրացիական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցությանը:

Պարոն Նախագահ,

Մենք համոզված ենք, որ ի վերջո միասին հաջողություն կարձանագրենք՝ Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ ի շահ Աֆղանստանի ժողովրդի, տարածաշրջանի և դրանից դուրս։

Շնորհակալություն»:

ՀՀ ԱԳՆ