կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-27 16:50
Առանց Կատեգորիա

Սահնակով տղան

Սահնակով տղան

Չնայած ձմեռը դեռ չի եկել, սակայն 9-ամյա Արթուրն այս օրերին սահնակով է շրջում Երևանի փողոցներում, ավելի ճիշտ` այգիներում:

Արթուրն ապրում է մոր հետ` Մասիվի շենքերից մեկի նկուղային հարկում: Մայրն աշխատում է` տեղի խանութներից մեկում հավաքարար է: Ամսական 70 000 դրամով ապրում են, ինչպես Արթուրն է ասում, վատ չեն ապրում: Մայրն անում է ամեն ինչ, որպեսզի տղան ոչ մի բանի կարիք չունենա. երբեմն գիշերները հացի փռում հաց է թխում` Արթուրը երբեք սոված չի քնում:

Տղան, չնայած տարիքին, իրեն արդեն տան տղամարդն է զգում, ուզում է մոր հետ տան հոգսը կիսել, սակայն մայրը չի թողնում: Արթուրը սահնակով շրջում` ձեռքի տակ ընկած ցախի կտորներն ու թղթերն է հավաքում` առջևում ձմեռն է:

«Ես պիտի լավ սովորեմ` լավ մարդ դառնամ, որ մամայի արածը ջուրը չընկնի: Գիտե՞ս` մաման ինձ համար մենակ մամա չի` ընկերս է: Անհամբեր սպասում եմ` երբ է գործից գալու, որ խոսենք` երկուսս էլ պատմում ենք, թե ոնց է օրներս անցել: Մաման վստահում է ինձ` տնայիններս չի ստուգում, բայց օրագիրս նայում է անպայման` ես մենակ 8-9 եմ ստանում, վատ չի՞, չէ՞. 10 չեն դնում, ինչքան էլ լավ սովորեմ, մեկ է, չեն դնում»,-ասում է Արթուրը:

Տղան չի ամաչում, որ փողոցե փողոց ընկած` փայտ է հավաքում, միայն մի փոքր վատ է զգացել, երբ այգիներից մեկում տեսել է դասընկերոջը.«Ուղղակի վատ զգացի, բայց ոչ թե նրանից, որ ինքն ինձ տեսավ, թե ինչ եմ անում, այլ որ ինքը խաղում էր, ես` գործ անում: Դե, ինքը մեծ ընտանիք ունի»:

9-ամյա տղան որոշել է` մեծանա` խանութ է բացելու` համ մայրն իր մոտ կաշխատի, համ էլ` սեփական բիզնեսը կունենան` հոր երազանքը կիրականանա: Արթուրն ասում է` հորը շատ է կարոտում. հայրը 3 տարի առաջ քաղցկեղից է մահացել, և տունը հենց նրա բուժման համար էլ վաճառել են ու մի սենյականոց «բնակարան» գնել.«Ուզում եմ մամային օգնել, աշխատել, կարող եմ, օրինակ, բանվորություն անել` պարկ-մարկ տեղափոխել, բայց մաման չի թողնում: Ես էլ փորձում եմ մինչև մամայի` գործից գալը տան աշխատանքն անել. հա ի՞նչ կա որ` չեմ ամաչում, ո՞վ է ասել, որ տղան չպիտի տան գործն անի, ճաշ սարքի: Տես` մաման գործից հոգնած գալիս ա` մի հատ էլ հո չպիտի սկսի ճաշ սարքել` դրա փոխարեն իրար հետ խոսում ենք»:

Արթուրն ուզում է շուն պահել, բայց վախենում է` նորմալ տիրություն չկարողանա անել: Ասում է` հենց ինքը սկսի աշխատել, անպայման շուն է պահելու, որ մոր բացակայության ժամանակ գոնե մեկի հետ շփվի:

Տղան ասում է, որ իրենց համար միայն ձմռանն է դժվար. տանը ցուրտ է լինում, վառելիք էլ չունեն.«Վախենում եմ` մաման հանկարծ չհիվանդանա, թե չէ` ես հեչ, ես տղա եմ, կդիմանամ: Մամային գործի տեղից ահագին թղթեր, տուփեր են տվել, էլի վատ չի»:

Արթուրը երկար-բարակ խոսելու ժամանակ չունի` պիտի մինչև մութն ընկնելը տանը լինի: Գնալիս Արթուրը ներողություն է խնդրում.

-Բայց ինչի՞ համար:

-Սահնակով տերևների մեջ գիտե՞ս ինչ հավես ես սղում: Մյուս անգամ, որ հանդիպենք ու սահնակս դատարկ լինի` քեզ կսղացնեմ, կներես, որ հիմա չառաջարկեցի:  

Հ. Գ.

Մոտ երկու ժամ Արթուրի հետ տերևների մեջ նստած` սառած մատներով ու քթով զրուցում էինք: Վերջում Արթուրից հեռախոսի համար էի ուզում: Երկար մտածեց:

-Արթ, ինչի՞ ես մտածում: Ընկերնե՞ր չենք, մեկ-մեկ կզանգեմ, կգամ քեզ տեսության, մամայիդ հետ կծանոթանամ:

-Կարին, չնեղանաս, բայց չեմ ուզում, որ մարդիկ մեզ խղճան: Եթե հենց էնպես ես գալու, առանց մեզ ինչ-որ բան բերելու, համաձայն եմ: Դու քո համարը տուր` ես կզանգեմ-կկանչեմ:

 

Կարինե Հասրությունյան