|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն ենթադրում է վարչարարության բարելավման ու արդիականացման ընդարձակ համակարգ: Կառավարությունը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները՝ ըստ հարկատեսակների, կատարած վճարումների:
«Վերջնական արդյունքը, որին մենք ցանկանում ենք հասնել այս նախաձեռնության ընդունմամբ, հետևյալն է՝ հարկ վճարողը ցանկացած պահի պետք է հնարավորություն ունենա առցանց եղանակով տեսնելու իր հարկային պարտավորությունները՝ ըստ հարկատեսակների, կատարած վճարումների, և ցանկացած պահի, իր գրասենյակում նստած, հնարավորություն ունենա տեսնելու իր միջոցների շարժը: Այս պահին նման հնարավորություն չկա, քանի որ համապատասխան իրավական, տեխնիկական և օրենսդրական լուծումներով հարկային համակարգը միայն հարկային ծառայողներին է հնարավորություն տալիս տեսնելու հարկ վճարողների հարկային պարտավորությունները: Մուտքագրումները որոշ դեպքերում դեռևս կատարվում են հարկային ծառայողների միջամտությամբ, մինչդեռ՝ այս նախաձեռնությունը նախատեսում է համակարգի ամբողջական ավտոմատացում, իսկ օրենսդրական, իրավական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի մարդկային գործոնի միջամտությունը բացառվի՝ հարկային պարտավորությունների հավաքագրման առումով»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Նախատեսվում է արմատապես վերացնել գերավճարներ կուտակելու հնարավորությունը, այսինքն՝ հարկային ծառայողների՝ տնտեսվարողներից ավելի գումարներ պահանջելու մոտիվացիան ամբողջապես վերանում է:
Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, քանի որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ օրենքը գործարկելու համար:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց փոխնախարարին՝ նախ ասելով, որ բիզնեսը սիրում է կայունություն: Պատգամավորը ներկայացրեց տվյալներ, թե որքան հաճախակի է կառավարությունը փոփոխում տնտեսական օրենքները: Ըստ այդմ՝ մեկ տարվա ընթացքում երեք անգամ փոփոխվել է շահութահարկը, 16 անգամ՝ գույքահարկի մասին օրենքը, 26 անգամ՝ հաստատագրված հարկերը, «Հարկերի մասին» օրենքը փոփոխվել է 50 անգամ, ԱԱՀ մասին օրենքը՝ 74 անգամ:
«Ոչ մի հաշվապահ ու տնտեսվարող սուբյեկտ ուղղակի չի կարող հասցնել այս փոփոխությունների հետևից, և դա է պատճառը, որ վարչական դատարաններում ավելանում է վիճահարույց գործերի թիվը: Չի կարելի այսպես անխիղճ վարվել տնտեսվարողի հետ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ցանկալի կլինի, որ գոնե տարին մեկ անգամ փոփոխվեն տնտեսական օրենքները:
Վախթանգ Միրումյանը համաձայնեց, որ հարկային օրենքների հաճախակի փոփոխությունները վնասում են կանխատեսելիության սկզբունքին, և որ պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որը բիզնեսի ներկայացուցիչների համար կապահովի կանխատեսելի միջավայր:
Փոխնախարարը նշեց, որ անգամ հետազոտություններ են անցկացվել, որոնք նույնպես փաստում են, որ Հայաստանում հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա, ահա, թե ինչու ՀՀ կառավարությունը այդ հարցերը լուծելու նպատակով ձեռնամուխ է եղել հարկային նոր օրենսգրքի մշակմանը, որը պետք է ծառայի երկարաժամկետ հատվածին: