Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլն առանց երկրպագուների պատկերացնել պարզապես հնարավոր չէ: Ժամանակակից ֆուտբոլում երկրպագուները մեծ դեր ունեն: Հենց նրանց պահանջով կարող են մեծ փոփոխություններ լինել թե\' մարզիչների, թե\' ֆուտբոլիստների, թե\' տոմսերի գների և մի շարք այլ հարցրում: Վերջիվերջո ֆուտբոլ խաղում են երկրպագուների համար, և հենց երկրպագուներն են ցավում և ուրախանում իրենց սիրելի թիմի պարտություններով կամ հաղթանակներով:
Հատկանշական է, որ եվրոպական շատ երկրներում որոնց ազգային առաջնությունը գտնվում է միջին կամ միջինից ցածր մակարդակի վրա, ակումբներն ունեն ձևավորված ֆան-ակումբներ, որոնք իրենց զարգացվածությամբ չեն զիջում թոփ ակումբների երկրպագուների խմբերին:
Հայկական ակումբային ֆուտբոլում թերևս դժվար է պատկերացնել ֆան-ակումբ, որը կունենա ձևավորված և հստակ գործունեություն:
Դժվար է պատկերացնել, թե ներկայումս ինչպիսին կլիներ պատկերը մարզադաշտում Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների ժամանակ, եթե 2007-թվականին չհիմնադրվեր առաջին Հայկական Ճակատ (ՖԱՖ) Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբը, որը հիմնադրման օրվանից մինչ օրս հավաքականի կողքին է, հանդես է գալիս տարբեր ակցիաներով, իսկ վերջին տարիներին ազգային թիմին քաջալերում է նաև արտագնա հանդիպումներում: Այն, որ երկրպագուական մշակույթի հիմքը Հայաստանում դրել է հենց ՖԱՖ-ը, դրանում 2 կարծիք լինել չի կարող: Ինքս էլ քաջատեղյակ լինելով ՖԱՖ-ի գործունեությանը` կարող եմ բազմաթիվ դեպքեր հիշեցնել, երբ ֆան-ակումբը տարատեսակ ակցիաներ է իրականացրել, ի շահ ֆուտբոլիստների և ընդհանրապես հայկական ֆուտբոլի:
2007 թվականին Հայաստան-Սերբիա խաղում ՖԱՖ-ի կազմակերպած առաջին ակցիաներից մեկի շնորհիվ պաստառ բացվեց, որում երկրպագուները շնորհակալություն էին հայտնում երջանկահիշատակ մարզիչ Յան Պորտերֆիլդին: Ակցիան մեծ տպավորություն թողեց ոչ միայն մարզադաշտում ներկա գտնվողների մոտ: Խաղից խաղ ֆան-ակումբը հանդես եկավ այլ ակցիաներով: Հետագայում հավաքականի խաղերից առաջ կազմակերպվեցին նաև ֆուտբոլային մեծ երթեր, որոնց մասնակցում էին հազարավոր երկրպագուներ:
Եվրո-2016-ի ընտրական փուլի խայտառակ մրցելույթներից հետո վերջապես հավաքականի ամենամոլի երկրպագուների համբերության բաժակը լցվեց:
Հոկտեմբեր ամսին ՖԱՖ-ը հրավիեց մամուլի ասուլիս, որտեղ 3 պահանջ ներկայացրեց և մեկ ամիս ժամանակ տվեց ՀՖՖ-ին: Այնուամենայնիվ, ֆեդերացիան ոչ մի կերպ չանդրադարձավ ֆան-ակումբի հայտարարությանը, իսկ ՖԱՖ-ը հայտարարություն տարածեց, որ անցկացնելու է բողոքի երթ դեպի ֆուտբոլի ֆեդերացիա: 2 օր անց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի պաշտոնական կայքի միջոցով հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ «խորհուրդ» էր տալիս ՖԱՖ-ին, կամ ինչպես ինքն է ասում ՖԱՖ կոչվող խմբակին` զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առ ու վաճառքով:
ՀՖՖ նախագահը, տուրիստական գործունեություն ասելով, ամենայն հավանականությամբ նկատի ուներ այն, որ ՖԱՖ անդամները հավաքականի երկրպագուներին հնարավորություն են ընձեռում միասնաբար ներկա գտնվել արտագնա հանդիպումներին: ՖԱՖ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր. «Վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային և սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երևանից Եվրոպայի ցանկած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, և ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաեւ արտագնա խաղերի ժամանակ: Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղևորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավելի երկրպագու»:
Հետաքրքիր է, որ ՖԱՖ հայտարարության մեջ նաև նշված էր, որ եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից և հենց երկրպագուներն են, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք բերել` մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ բանակցություններ վարելով:
Փաստորեն, ՀՖՖ նախագահի համար նշանակություն չունի, թե հավաքականի խաղերին ինչպիսի աջակցություն կստանա թիմը: Բազմիցս է խոսվել տնային հանդիպումների տոմսերի գների թանկության մասին, ինչը, իհարկե, երկրպագուների` մարզադաշտ չհաճախելու գլխավոր պատճառներից է:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն է եղել միայն Պորտուգալիայի հետ խաղում, այն էլ` հայտնի պատճառով:
Եղել են նաև ամոթալի հանդիպումներ: Հիշարժան է 2008 թվականին Թուրքիայի հետ տեղի ունեցած հանդիպումը, երբ Հրազդան մարզադաշտը կիսով չափ դատարկ էր:
Խոսելով հավաքականի «հարյուր հազարավոր երկրպագուների» մասին, հարկ է նշել, որ հավաքականն այսօր երկրպագուների մեծ բանակ ունի, սակայն այդ երկրպագուներից ոչ բոլորն են պատրաստ հավաքականի համար 5 կամ 10 հազար դրամ գումար ծախսել և հաճախել մարզադաշտ, կամ յուրաքանչյուր խաղին 90 րոպե անդադար երգել և քաջալերել երկրի գլխավոր թիմին:
Հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին կարելի է խոսել անվերջ: Մի քանի օրից ՖԻՖԱ-ի օրացույցով ազգային հավաքականների ընկերական հանդիպումների օր է, իսկ մեր հավաքականը դեռևս շարունակում է արհամարել ընկերական հանդիպումները: Օրեր առաջ ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որում Հայատանը հայտնվել էր այնպիսի երկրների հարևանությամբ, ինչպիսիք էին Ղրղզստանի, Մոզամբիկի, Սուդանի ընտրանիները: Հավաքականը շարունակում է մնալ առանց գլխավոր մարզչի: Հետաքրքիր է, թե առաջիկայում ինչ քայլեր կձեռնարկի Հայրապետյանը ստեղծված խայտառակ իրավիճակը շտկելու համար: Իսկ թե որը կլինի ՀՖՖ նախագահի հաջորդ քայլը ՖԱՖ երկրպագուների հետ հակամարտությունում, դժվար է ասել, սակայն մեկ բան հստակ է` անկախ ամեն ինչից անսպառ հավատով և անմնացորդ նվիրումով երկրպագուները միշտ կերկրպագեն, կտխրեն, կուրախանան և կհպարտանան հավաքականի ելույթներով:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ