Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն պահից, երբ ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ գնում ենք՝ ազգ-բանակ դառնալու, ավելի ճիշտ՝ նորից դառնալու ճանապարհով եւ նպատակով, մեր հասարակությունը բաժանվեց մի քանի մասերի: Նրանք, ովքեր վաղուց էին այդ նպատակն ուզում որդեգրել ու բազմիցս էին հայտարարում ազգ-բանակ նորից դառնալու անհրաժեշտության մասին, անմիջապես սկսեցին աշխատել, շատերը՝ լուռ, ինչպես միշտ: Նրանք, ովքեր կա'մ մոռացել են, կա'մ էլ չգիտեն, թե ինչ է ազգ-բանակը, կարծիք ձեւավորեցին եւ այն տարածում են, թե դա մեզ ամենեւին էլ պետք չէ, քանի որ երբ մի պետության մեջ ամբողջ ժողովուրդը կռվում է եւ կռվել գիտի /զենքը ձեռքին/, դա կոչվում է ռազմական պետություն, իսկ ռազմական պետություն մենք ո'չ ուզում ենք դառնալ, ո'չ էլ դրա կարիքը կա: Եվ վերջապես` հասարակության փոքրիկ խմբեր էլ ձեւավորվեցին, որոնք, ընդհանուր առմամբ, չգիտեն, թե ինչ է կատարվում, քանի որ նրանք առհասարակ եւ միշտ չեն իմանում, թե ինչ է կատարվում:
Բանակի օրը դրա 25-ամյակին նվիրված ելույթում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ բարձրաձայնեց, թե ինչ է ազգ-բանակը, կամ ինչպես է ինքը դա պատկերացնում: Խոսքը, ինչպես մենք էլ բազմիցս ենք ասել, ամբողջ ազգով ռազմաճակատ գնալու կամ զենք վերցնելու մասին չէ, խոսքը որակի մասին է, նվիրվածության մասին է, պրոֆեսիոնալիզմի մասին է, բոլոր այն ոլորտներում, մասնագիտություններում, որոնց տերն ենք կամ որտեղ աշխատում ենք: Ենթադրենք` ազգ-բանակը չի պարտադրում ուսուցչին զենք վերցնել եւ առաջին գիծ գնալ /դա պատերազմն է պարտադրում/, այլ ընդամենը պարտադրում է որակյալ, պրոֆեսիոնալ, բացառիկ ուսուցիչ լինել: Դարբիններին՝ նույնը, գինեգործներին՝ նույնը, բժիշկներին՝ նույնը, իրավաբաններին՝ նույնը, լրագրողներին՝ նույնը… Ազգ-բանակը չի պահանջում գիտնականից` թողնել իր աշխատանքը եւ սահման գնալ, այլ պահանջում է, որ իր աշխատանքը որակյալ անի:
Հենց գիտնականների եւ ոչ միայն նրանց մասին նախարար Սարգսյանն իր ուղերձում երկու կարեւոր շեշտադրումներ արեց: Անդրադառնալով մեր ռազմարդյունաբերությանը /ո՞վ չգիտի, ռազմարդյունաբերությունն այն է, որը զինվորին, դուխից բացի, այլ՝ շատ կարեւոր բաներ էլ է տալիս, ընդ որում՝ ժամանակակից, ոչ թե 80-ականների/` Վիգեն Սարգսյանը նշեց, որ մեր ռազմարդյունաբերությունը չի կանգնել ու չի կանգնելու՝ մեր երկրի գիտական ներուժն ու մակարդակը վերականգնելով եւ բարձրացնելով: Սա այն է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնում էինք` գիտության եւ բանակի կապ, գիտական ներուժի օգտագործում ռազմարդյունաբերության ոլորտում, ինչը ոչ միայն բերելու է ժամանակակից սպառազինության արտադրման, շեշտում եմ՝ ժամանակակից տեղական սպառազինության արտադրման, այլեւ գիտական՝ այսօր շատ տխուր կյանքում ակտիվության: Այսինքն` սա ոչ միայն բանակի, այլեւ գիտության առաջնթացի նպատակ է, ազգ-բանակ դառնալու քայլ:
Եվ հաջորդը` բանակը, պարզվեց, մշակույթի հետ էլ կապ ունի: Ավելին` այդ կապերը պետք է խորացնել: Սա էլի է ասվել, սա հաճախ եւ միշտ է ասվել, բայց այսքան բարձրաձայն՝ առաջին անգամ: Մեր պատմությունն ու ներկան այնպիսին են, որ չկա մի բան, ինչը կապ չունի բանակի հետ: Այդ թվում՝ մշակույթը, մանավանդ` այն: Սա չի նշանակում, որ սիրո մասին գրող պոետները եւ գետ ու առվակ նկարող նկարիչներն այլեւս պետք է զինվորի մասին գրեն եւ պատերազմ նկարեն, սա նշանակում է, որ մշակույթը պետք է մտնի բանակ, ավելի ճիշտ՝ բանակ պետք է մշակույթ մտնի: Զինվորը պետք է գիրք կարդա, նկարիչ ճանաչի, նրանց տարբերի, երաժշտություն լսի, որպեսզի վախենա պատերազմից եւ չվախենա պատերազմի ժամանակ:
Բանակը պետք է հարստանա, եւ դա պետք է անի մեզնով, յուրաքանչյուրովս: Ազգ-բանակը դա է:
Հովիկ Աֆյան