կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 18:14
Հասարակություն

Հոգեկան առողջության պահպանման և բարելավման նոր ծրագիրը ԱՆ-ն կներկայացնի Համաշխարհային բանկին

 Հոգեկան առողջության պահպանման և բարելավման նոր ծրագիրը ԱՆ-ն կներկայացնի Համաշխարհային բանկին

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել են հոգեբուժության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: 

Պատվիրակության անդամներ դատաբժշկական հոգեբույժ Քլայվ Միը (Օքսֆորդ, Միացյալ թագավորություն) և Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի բժշկական փորձագետ Մարզենա Կսելը ներկայացրին հայաստանյան հոգեբուժական կազմակերպություններում իրենց կատարած ուսումնասիրության նախնական դիտարկումները: 

 «Հոգեկան առողջության խնդիրները ՀՀ կառավարարության ուշադրության կենտրոնում են և այս ոլորտում կատարվում են մի շարք բարեփոխումներ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ամբողջովին նոր խմբագրությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս փաստաթղթով ի թիվս այլ կարգավորումների սահմանվել են հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները, հարկադիր բուժման ընթացակարգերը, դատհոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, ժամկետները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց տվյալների, այդ թվում բժշկական գաղտնիքի պահպանմանը ներկայացվող պահանջները:

Արմեն Մուրադյանը նշել է նաև, որ 2014-ի ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ.. ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց գործնական իրականացումն ապահովելու նպատակով մշակված ծրագիրը 2015թ. աշնանը նախատեսվում է ներկայացնել Համաշխարհային բանկին:

Հինգ տարիների տևողությամբ (2016-2020թթ.) ծրագրի նպատակն է աջակցել հոգեբուժական ծառայությունների ինտեգրմանն առողջության պահպանման առաջնային օղակին, աջակցել հոգեբուժական ծառայության կառուցվածքի օպտիմալացմանը և արդիականացմանը, աջակցել հոգեբուժական ծառայություններ տրամադրող անձնակազմի շարունակական կրթմանը և համայնքային մակարդակի հոգեբուժական ծառայությունների հզորացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի 4 քաղաքային համայնքներում խնամքի տների ստեղծմանը, որը կապահովի ակտիվ բուժում չպահանջող հիվանդների սոցիալական ինտեգրվածությունը: 

«Հոգեկան առողջության ոլորտում մենք ունենք հստակ ձևավորված մոտեցումներ, որոնք արդեն տրված են թղթին: Մենք հաստատակամ գնում ենք դեպի փոփոխություններ, որոնց հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները և բժշկական ժամանակակից մեթոդները: Սրանք են մեր նոր ռազմավարության անկյունաքարերը»,- ընդծել է նախարարը` հավելելով, որ հստակ քայլեր են իրականացվում իրավական դաշտի ապահովման, հոգեբուժության ոլորտի առավել արդյունավետ կառավարման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ: 

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հարկադիր բուժման,հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրենսդրությամբ սահմանված իրավունքներին, այլ արդիական հարցերի: 

Կարևորվեց հոգեբուժության ոլորտի բարելավմանն նպատակով արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բուժանձնակազմի գիտելիքների բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքի իրականացումը: