կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 15:30
Քաղաքական

Իշխանություններից ազատվելու միակ օրինական ճանապարհը Սահմանադրության ընդունումն է. Լևոն Տեր-Պետրոսյանի` 21 տարվա վաղեմության խոսքը

Իշխանություններից ազատվելու միակ օրինական ճանապարհը Սահմանադրության ընդունումն է. Լևոն Տեր-Պետրոսյանի` 21 տարվա վաղեմության խոսքը

Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված` «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարդաց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1994թ. ապրիլի 24-ի ելույթից մի հատված, որը Սահմանադրության ընդունման մասին էր: Արծվիկ Մինասյանը կարդաց այդ ելույթը, որ ներկաները համեմատեն այսօրվա հետ:

«Ներկա ընդդիմության տեսանկյունից իշխանությունները վերածվել են հանցագործ խմբակցության, թայֆայի, քայքայել են երկրի տնտեսությունը, սերտաճել մաֆիայի հետ, ծախել են Ղարաբաղը, ուստի անհրաժեշտ է թեկուզ փողոցային  խռովությունների ու կախաղանների միջոցով իշխանությանը վերացնել ասպարեզից և կոալիցիոն կառավարության միջոցով ազգը փրկել կործանումից:

Ես հիշեցնում եմ ընդդիմությանը, որ ներկայիս իշխանությունները ընտրվել են օրինական ճանապարհով, բայց նրանք պատասխանում են, թե ընտրությունները տեղի են ունեցել ղարաբաղյան շարժման ալիքի վրա և ոչ այնքան քաղաքական գիտակցության, որքան զգացմունքային վերաբերմունքի արդյունքում: Ընդդիմությունը հակաճառում է, թե ներկա խորհրդարանը չի կարող արտահայտել քաղաքական ուժերի ճիշտ հարաբերակցությունը, և երբ խոսք է գնում նոր ընտրությունների միջոցով այդ հարցը լուծելու մասին, ընդդիմությունը նորից առարկում է` ասելով, թե ի սկզբանե պարզ է, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունների արդյունքները:

Եթե մի պահ անգամ ընդունենք իշխանություններին հասցեագրված այս անողոք մեղադրանքների ճշմարտացիությունը, ապա մեծ հարց է, թե որքանով է արդարացված փրկարար ընդդիմության առաջարկած ուղին: Մենք` հայոց անկախ պետականության առաջին իշխանություններս, պարտավոր ենք դնել պետական ավանդույթների հիւմքերը, որոնցից ամենահիմնականը ընտրությունների հոգեբանության արմատավորումն է, ուստի ազգային համաձայնության կայացման և ներկա իշխանություններից  ազատվելու միակ օրինական, ամենակարճ ճանապարհը Սահմանադրության ընդունումն է: Հայաստանում իշխանությունը չպետք է և չի կարող փոխվել այլ կերպ, քան ընտրությունների միջոցով»,- Լևոն Տեր-Պետրոսյանի 1994-ի ելույթից մի հատված ընթերցեց Արծվիկ Մինասյանը` ասելով, որ այս խոսքերը վերադարձվում են հասարակությանը:

«Գտեք երկու տարբերություն` այսօրվա և այն ժամանակվա իշխանությունների միջև»,- ասաց պատգամավորը: