կարևոր
1036 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 14:46
Քաղաքական

Որոշ ընդդիմադիրներ` իշխանության հետ սինքրոն, հարձակվել են Դաշնակցության վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթի հարցազրույցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ։

- Վերջին շրջանում մի տեսակ սրվել է Դաշնակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը, տարբեր հայտարարություններ են հնչում, գրառումներ արվում, ո՞րն է պատճառը։

- Մեր հանրության այն հատվածը, որ քիչ թե շատ քաղաքականությամբ հետաքրքրվում է, շատ պարզ հասկանում է՝ օրվա իշխանությունն ամեն ինչ անում է իր աթոռը պահելու համար։ Իրենք գիտակցում են, թե ինչ փորձանք են բերել այս երկրի գլխին՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Դրա համար իրենք ոչնչի առջեւ չեն կանգնում եւ առաջնահերթ թիրախավորում են այն ուժերին, որոնք կարող են սասանել իրենց իշխանությունը։ 

- Որքան էլ տարօրինակ է, սակայն վերջին շրջանում նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից ենք նկատում այդ վերաբերմունքը Դաշնակցության նկատմամբ։

- Դաշնակցությունն իր երկարամյա պատմության մեջ ստեղծվել է, առաջնորդվել եւ առաջնորդում է մեր երկրի ազգային շահերը, պետականության, ինքնիշխանության եւ այն բոլոր ուղղություններով, որոնք անուղղակիորեն կապվում են ազգային շահի հետ։ Ընդդիմադիր հատվածը միաշերտ չէ։ Գրպանային ընդդիմադիրները, որոնք իշխանության կողմից ստեղծվել եւ կառավարվում են, այս իշխանության հետ սինքրոն հարձակվում են Դաշնակցության վրա։ Մնացածն էլ, թերեւս, անառողջ մրցակցության որոշակի դրսեւորումներ ունեն, ավելի շատ՝ իրենց նեղ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, բայց ոչ երբեք մեր երկրի կայուն զարգացման եւ, ամենակարեւորը՝ այս իշխանության հեռացման համար։ 

- Շատերին թվում է, թե ժողովուրդը չի հասկանում, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, եւ շարունակում են այդ հարցը տալ` ով բերեց նրան իշխանության: 

- Սա անպտուղ մի բանավեճ է՝ ով բերեց, ինչ բերեց եւ այլն։ Մեր նպատակը հստակ է՝ կասեցնել Հայաստանի Հանրապետության աղետաբեր վիճակը։ Աղետաբեր է՝ պետության լինելիության իմաստով։ Եթե այս աղետաբեր վիճակի աղբյուրն այս իշխանություններն են, ուստի մեր թիվ մեկ խնդիրն է դառնում այս իշխանությունների օր առաջ հեռացումը։ Սա է մեր իրական, հիմնական նպատակը, որի շուրջ համախմբումը մեզ համար օրակարգային է։ Նայեք, թե նախորդ 5 տարիներին ՀՅԴ-ն ինչով է զբաղվել՝ համախմբման տեսանկյունից, եւ բոլոր հարցերի պատասխանները կգտնեք։ Այս իշխանության հեռացումը վերկուսակցական նպատակ է: Ով անկեղծ է այստեղ, մենք իր հետ ունենք անցնելու ճանապարհ, ով անկեղծ չէ, մի օր պարզվելու է, բացահայտվելու է։ Մեր նպատակը հստակ է, մեկ օրվա չէ եւ գալիս է մեր գաղափարախոսությունից, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ 

- Պատմության ընթացքում մշտապես եղել են ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ուժեր, որոնք ցանկացել են փակել Դաշնակցությունը։ Այդպիսի վտանգ հիմա տեսնո՞ւմ եք։

- Դաշնակցությունը փակելու ցանկություն եւ վարքագիծ ունեցել են Դաշնակցության դեմ անողոք պայքարած հայ ժողովրդի թշնամիները, ովքեր ցանկացել են նաեւ բնաջնջել հայ ժողովրդին, եւ դա արտահայտվել է իրենց ցեղասպան գործողություններով։ Դաշնակցությունը փակելու ցանկություն հայտնած ներքին եւ արտաքին ուժերը նույնն են, ինչ հայ ժողովրդի թշնամիները։ 

- Օրվա իշխանության մոտ տեսնո՞ւմ եք նման ցանկություն։

- Այսօրվա իշխանություններն իրենց ողջ ծավալով եւ ռեսուրսով, պետական ապարատի գործադրմամբ էլ ավելի բացահայտ կերպով հակադրվում են, թիրախավորում են Դաշնակցությանը եւ դաշնակցականներին։

- Որքա՞ն ժամանակ է մնացել Նիկոլ Փաշինյանին։

- Պայծառատես չեմ, որ կանխատեսեմ, բայց կարող եմ ասել հետեւյալը՝ իշխանափոխությունն այլընտրանք չունի, եթե կա Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը, ապա կարճ ժամանակահատված հետո, իմ խորին համոզմամբ, չի լինելու Հայաստանի Հանրապետությունը։ Ժամանակներն արագացնում են պրոցեսները, իշխանափոխության այլընտրանք չկա։