կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 17:51
Առանց Կատեգորիա

Հայաստանը ԼՂՀ-ի ճանաչման գործընթա՞ց է սկսում` ՄԱԿ-ից

Հայաստանը ԼՂՀ-ի ճանաչման գործընթա՞ց է սկսում` ՄԱԿ-ից

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում հայտարարեց. «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:

Փաստացի, Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը նախազգուշացրեց հրադադարի ռեժիմից ակնհայտորեն դուրս եկող և պատերազմի սպառնալիք ստեղծող Ադրբեջանին պատժելու և այդ նպատակով Հայաստանի կողմից նրա նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորության մասին: Սա ոչ այնքան նախազգուշացում էր, որքան այդ հնարավոր գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացնելուն ուղղված դիվանագիտական քայլ, որպեսզի հետագայում հայկական կողմին որևէ պարագայում հնարավոր չլինի մեղադրել պատերազմ վերսկսելու մեջ: Թերևս հենց այդ նպատակով էլ իր ելույթում Սերժ Սարգսյանը թվարկեց այն տրամաբանական գործոնները, որոնք փաստարկում են, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ լինողն ու հրադադարի ռեժիմը խախտելու հարցում միակ շահագրգիռ կողմը:

Պետք է ենթադրել, որ խոսքը վերաբերում է ոչ թե զուտ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերին համաչափ պատասխանելուն, այլ Ադրբեջանին փաստացի նոր իրավիճակ կամ նոր ստատուս քվո պարտադրելուն: Դրա մասին է վկայում երկու հանգամանք: Առաջին` Սարգսյանը խոսում է ոչ թե յուրաքանչյուր հրետակոծության արձագանքելու, այլ, ընդհանրապես, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մասին, որը, ինչպես ցույց են տալիս ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի գնդակոծման և արկակոծման փաստերն ու հետևանքները, հնարավոր չէ պատկերացնել կողմերի միջև ներկայիս բնագծերի պահպանման պարագայում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը panorama.am-ին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարել էր. «Իմ խորին համոզմամբ` նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:

Այս ֆոնին Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող է նշանակել, որ Երևանը միջազգային հանրությանը նախապատրաստում է զուգակցված քաղաքական, իրավական և ռազմական ինչ-որ այնպիսի գործողության կամ գործողությունների շարքի, որոնք հանգեցնելու են հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովող նոր բնագծերի ձեռք բերման և նոր ստատուս քվոյի պայմաններում ամրապնդող հրադադարի նոր ռեժիմ հաստատելուն:

Երկրորդ` իր այդ ելույթում Սերժ Սարգսյանը երկու անգամ օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը, և հատուկ, ռազմաքաղաքականից բացի, ընդգծում նաև իրավական քայլեր ձեռնարկելու հնարավորությունը: Հարց է առաջանում` ի՞նչ իրավական քայլեր նկատի ունի նախագահը:

Երևանը պաշտոնապես մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի, Հայաստանն անմիջապես ճանաչելու է ԼՂՀ-ի անկախությունը և, նրա հետ ռազմական դաշինք կնքելով, ամբողջապես ստանձնելու է ԼՂՀ-ի և դրա բնակչության պաշտպանության պատասխանատվությունը: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ հայկական դիվանագիտության ամենամեծ խնդիրներից մեկը Լեռնային Ղարբաղին բանակցություններից դուրս թողնելու սխալը սրբագրելն է: Եթե խոսքը գնում է հրադադարի նոր ռեժիմի, նոր ստատուս քվոյի հաստատման մասին, ապա չի կարելի բացառել, որ նկատի է առնվում նաև ԼՂՀ-ին բանակցությունների ձևաչափ վերադարձնելու հեռանկարը: Արդյոք չի՞ կարելի Սերժ Սարգսյանի խոսքից եզրակացնել, որ նա, իրավական քայլեր ասելով, հենց այս սցենարը նկատի ունի, մանավանդ` եթե հաշվի առնենք, որ, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը, նա ՄԱԿ-ի ամբիոնից յուրովի ճանաչում է Արցախի անկախությունը:

Եթե նախագահը և բանակը այսպիսի ինքնավստահությամբ հանդես են գալիս նման համարձակ նախաձեռնություններով, դա իսկապես կարող է նշանակել, որ միջազգային հանրությունը միանգամայն օրինաչափ է համարում հայկական կողմի «նախապատրաստությունները», և Հայաստանն արդեն ստացել կամ ստանում է ռազմաքաղաքական այդ օպերացիան իրականացնելու անուղղակի արտոնությունը:

Եվ դա հասկանալի է, որովհետև փաստացի Երևանն ինքն է առաջարկում ստանձնել աստիճանաբար անվերահսկելի դարձող Ադրբեջանին սանձահարելու խնդիրը, որը, որքան էլ դժվար իրագործելի և վտանգավոր, այնուամենայնիվ, դիվանագիտական ջանքերի ձախողման պարագայում լինելու է, մի կողմից, լայնածավալ պատերազմից խուսափելու, մյուս կողմից` Ադրբեջանին բանակցությունների սեղանի մոտ քարշ տալու գործնականում միակ տարբերակը:

Իսկ դիվանագիտական ջանքերը վերջնականապես կձախողվեն, թե` ոչ, պարզ կլինի նրանից` մինչև տարեվերջ կկայանա՞, արդյոք, Սարգսյան-Ալիև հանդիպումը, կամ կայանալու դեպքում հնարավոր կլինի՞ բանակցություններում առաջընթաց գրանցել, թե՞ ոչ:

Գևորգ Դարբինյան