| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քրդական խնդիրը Թուրքիայի քաղաքական օրակարգում լուրջ կշիռ է ստանում, եւ Թուրքիայի կառավարությունն ստիպված է ավելի լրջորեն մոտենալ քրդական խնդրին. անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների ակտիվացման խնդրին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Նրա խոսքով` թեեւ քրդական ժողովրդավար ինքնավարության մասին հայտարարությունները մեծ հաշվով դեռեւս ոչինչ չեն նշանակում, եւ կարգավիճակի հետ կապված հարցը բավական անորոշ է, սակայն ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությունը պետք է նոր քաղաքականություն որդեգրի, քանի որ չի բացառվում, որ քրդական խնդիրն ավելի սրվի, քուրդ գրոհայինների գործողությունները տարածվեն Թուրքիայի այլ շրջաններում եւս:
«Թուրքական իշխանությունները ստիպված կլինեն քրդական ուժի հետ բանակցությունների գնալ, լեզու գտնել, չի բացառվում նաեւ երկխոսության տարբերակը` սահմանադրական բարեփոխումների փաթեթի համատեքստում»,- նշեց թուրքագետը` միաժամանակ չբացառելով, որ հնարավոր է նաեւ լիարժեք բոյկոտում եւ կենտրոնացում Դիարբեքիրում` ընդհուպ մինչեւ քրդական խորհրդարանի ձեւավորումը:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով` եթե քրդերը տրամադրված լինեն գնալու մինչեւ վերջ, ապա մենք շատ մեծ հակասությունների ականատեսը կլինենք: Նա խորհուրդ է տալիս ուշադիր հետեւել թուրք-քրդական բախումներին, սակայն ոչ մի դեպքում չխառնվել, որովհետեւ որքան սրվի այդ հակամարտությունը, այնքան մեզ համար լավ կլինի:
«Մենք խնդիր ունենք Արցախի ճակատում ուժեղանալու, մեր հարցերը լուծելու, եւ կարծում եմ, որ այստեղ ոչ մի ձեւով խառնվելու իրավունք չունենք: Դա մեր հարցը չէ, բացի այդ` նրանցից ոչ մեկը մեր բարեկամը չէ, ոչ էլ դաշնակիցը, եւ մենք պետք է մեր սահմանը ամուր փակենք ցանկացած միջամտության համար: Թուրքիայի կառավարող էլիտան պետք է վերջնականապես գա այն հետեւության, որ Հայոց ցեղասպանության իրականացումով նրանք մեծ հաշվով ոչինչ չեն շահել. հայ-թուրքական հակամարտությունը հայ-քրդական հակամարտությունով է փոխարինվել, եւ իրենք ստացել են իրենց ադեկվատ հակառակորդը` նույն ճիվաղային, նույն բնազդային տրամադրություններով մի ժողովուրդ, որը նաեւ մաշկել գիտի»,- նշեց քաղաքագետը` վստահեցնելով, որ եթե Թուրքիայում պատերազմ սկսվի, ապա ցեղասպանության փորձը նորից կկրկնվի Թուրքիայի կողմից` այս անգամ քրդերի նկատմամբ: